29 հունիս, 2020 11:57

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ. այս մասին ասված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:

Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ», - ասված է հաղորդագրությունում։

***

Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։ Փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու օրը հայտնի է դարձել, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է: