30 հունիս, 2020 17:25

Լա՞վ է, արդյոք, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանը արդեն երկու տարուց ավելի է, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, և այս ընթացքում ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ սեղանի վրա չի եղել: 2018-ի մայիսից Հայաստանը և Ադրբեջանը նախագահների և արտգործնախարարների մակարդակով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությամբ կամ բացակայությամբ քննարկել են կարգավորման տարբեր ասպեկտներ և տարբեր սևագրեր (draft), սակայն փաստաթուղթ, որը դրվեր սեղանին և որը դառնար բանակցությունների հիմք, դեռ չի մշակվել:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ վերջին ամիսներին ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեղափոխվել է առցանց հարթակ: Երեկ Հայաստանի արտգործնախարարը տեսակոնֆերանս է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 30-ին անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Զոհրաբ Մնացականյանը և համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:

Լա՞վ է, արդյոք, որ սեղանին չկա փաստաթուղթ:

Հարցին պատասխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դրված մեր դիվանագիտության առաջ:

Առաջին. եթե հայկական կողմերը ձգտում են հասնել ղարաբաղյան կարգավորման, որը ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրությունների համար, ինչպես մի քանի անգամ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա լավ չէ, որ երկու տարվա ընթացքում կարգավորման գործընթացում չկա առաջընթաց: Սեղանին փաստաթուղթ չլինելը ինքնին հաստատումն է այն իրողության, որ չկա խորքային բանակցություն, հետևաբար, չկա նաև փաստաթուղթ:

Երկրորդ. եթե հայկական դիվանագիտությունը ձգտում է պահպանել այսօրվա ստատուս-քվոն, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ խոսել խաղաղության ու փոխզիջումների շուրջ, ապա կրկին լավ չէ, որ չկա փաստաթուղթ: Երբ չկա փաստաթուղթ, նոր պատերազմի կիսաբաց դուռը ավելի է բացվում հակառակորդի առաջ, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին: Փաստաթղթի գոյությունը և խորքային բանակցությունների շարունակականությունը նոր պատերազմը զսպող կարևոր գործիքներից է: 

Երրորդ. ակտիվ դիվանագիտությունը նվազագույնի կարող է հասցնել լարվածությունը շփման գծում, ինչն իր հերթին նշանակում է մեկ ավելի զինվորի կյանք: Երբ լռում են դիվանագետները, գործի են դրվում թնդանոթները: Հետևաբար, անկախ ամեն ինչից, պետք է միշտ խոսել ու բանակցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ բանակցող հայ դիվանագետները, անկախ բանակցությունների արդյունքներից, ապահովում են սահմանին կանգնած զինվորի և սահմանի երկայնքով ապրող մարդկանց կյանքը: 

Չորրորդ. ղարաբաղյան դիվանագիտությունը նաև անվտանգության խնդիր է լուծում ինչպես Արցախ-Ադրբեջան շփման գծի, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով ու կովկասյան տարածաշրջանում: Հայ-ադրբեջանական պատերազմը լոկալ խնդիր չէ միայն, այլ նաև՝ տարածաշրջանային, որտեղ կան ինչպես անմիջական ներգրավված երկրների, հարևան ծանրքաշային պետությունների, այնպես էլ գերտերությունների շահերը: Մինսկի խմբում, այդ թվում եռանախագահությունում ներգրավված պետությունների անունները վերոնշյալի հիմնավորումն է:

Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացը հերթական անգամ փակուղում է, քանի որ չկա փաստաթուղթ, որի շուրջ հնարավոր լիներ բանակցել, փաստաթուղթ, նախագիծ կամ մոտեցումներ, որոնք 50 տոկոսով ընդունելի կլինեին ադրբեջանական և 50 տոկոսով՝ հայկական կողմերի համար: 

Մյունխենյան չափազանց անհաջող ու ցածրամակարդակ հրապարակային բանավեճը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև, ապա դրան հաջորդած բառապաշարը, որ հնչում է Բաքվից, Ստեփանակերտից ու Երևանից, չեն խոսում բանակցություններում առկա դրական մթնոլորտի մասին: Այստեղ էական չէ, թե կողմերից հատկապես որ մեկի, երկուսի կամ բոլոր երեքի կողմից է գալիս ապակառուցողականությունն ու ոչ դիվանագիտական բառապաշարը:

Այսօր հայկական կողմերի համար առաջնային է ապահովել բանակցությունների շարունակականությունը: Որպես մինիմում նպատակ պետք է լինի դեպի անցյալ վերադարձի բացառումը: Հայկական կողմերի համար անընդունելի պետք է լինի վերադարձը Կազանի փաստաղթղթին կամ Լավրովի պլանին և 2007-ի Մադրիդյանից ածանցյալ որևէ այլ տարբերակի, քանի որ, ի տարբերություն Մայր Մադրիդյան փաստաթղթի, որը հստակ արձանագրում է Արցախի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի ճանապարհով, դրան հաջորդած մյուս առաջարկները այդ իրավունքը աղոտ են դարձնում:

Հայաստանը հստակ նշել է կարմիր գծեր, որոնցից հետքայլը չի կարող լինել արդար և ընդունելի լուծում: 

Առաջին. Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թեև բանակցություններն ընթանում են հենց ապագա կարգավիճակի շուրջ առաջին հերթին: 

Երկրորդ. լուծումը պետք է ընդունելի լինի հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի ժողովուրդների համար:

Թաթուլ Հակոբյան  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: