30 հունիս, 2020 16:17

Կենտրոնական բանկը Հայաստանում 4 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում 2020-ին

Կենտրոնական բանկը նվազեցրել է 2020-ին Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը մինչև -4 տոկոս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ելնելով աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խորը անկումից, ինչպես նաև պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոս աճից մինչև 4,0 տոկոս անկում։ Միաժամանակ, հիմնական գործոնը, որը կպայմանավորի վերականգնման հեռանկարները, բնականաբար, առողջապահական իրավիճակն է աշխարհում և Հայաստանում»,- ասաց Մարտին Գալստյանը։ Նա նկատեց, որ  թեպետ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 4,5%, սակայն գտնում է, որ անհրաժեշտ կլինի միջնժամկետոմ շարունակել վարել խթանող դրամավարկային քաղաքականություն:

Գալստյանի խոսքով միտումներն այնպիսին են, որ առաջիկայում տնտեսական ակտիվության որոշակի վատթարացում տեղի ունենալու է, սակայն,  ըստ նրա, ժամանակից առաջ պետք չէ ընկնել:

Հայաստանի կառավարությունը 2020-ի համար կանխատեսում է 2% անկում, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 3,5% անկում։