30 հունիս, 2020 14:52

Մարտի 1-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը, որով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Դատարանը պետք է պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները։

Նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։

Ավելի վաղ պաշտպանական կողմը կրկին խնդրել էր ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել՝ նիստերի խիտ գրաֆիկի պատճառով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ 13։00-ին։