30 հունիս, 2020 17:28

ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայներ:

Նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է Սահմանադրական դատարանի այն դատավորների, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Խոսքը երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի մասին է։

***

Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։