1 հուլիս, 2020 10:52

Գույք և եկամուտներ․ Քննչական կոմիետի նախագահի տեղակալի հայտարարագիրը

ՍիվիլՆեթը շարունակում է իրավապահ համակարգի պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը։ Նախորդ հրապարակման մեջ (Տե՛ս՝ Հայաստանի հարուստ դատախազները) անդրադարձել էինք դատախազական համակարգի պաշտոնյաների հայտարարագրերին։ Հերթական հրապարակումը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին է վերաբերում։ 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կինը՝ Անահիտ Այվազյանը, Մոսկվայի մարզի Դմիտրով քաղաքում հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրից։ Այն գտնվում է Պրոֆեսիոնալնայա 4 հասցեում։ Անշարժ գույքի գործարքի արժեքը կազմել է 3,8 միլիոն ռուբլի (25 միլիոն դրամ): 

Արսեն ԱյվազյանըԱյվազյանի կինը նաև հայտարարագրել է մեկ հողամաս Արարատի մարզի Գեղանիստ հյուղում, որը ստացել է նվիրատվություն և մեկ բնակարան Երևանի կենտրոնում, որն անցյալ տարեվերջին 74 միլիոն դրամով վաճառել է Վարդան Գոգինյանին։ Վերջինս գործարար է։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի դրամական միջոցները կազմել են 42 միլիոն դրամ, 25 հազար դոլար և  18 հազար եվրո, եկամուտները 2,2 միլիոն դրամի չափով գոյացել են «Փաստաբանական դպրոց» հիմնադրամից։ 

Արսեն Այվազյանը հայտարարագրել է բնակարան Ավան վարչական շրջանում և երկու ավտոկայանատեղի։ Նա նաև կնոջ հետ համասեփականատեր է եղել այն բնակարանում, որն անցյալ տարի վաճառվել է։ ՔԿ նախագահի տեղակալի եկամուտները 4,5 միլիոն դրամի չափով գոյացել են աշխատավարձից, 5,2 միլիոն դրամի չափով ոստիկանության 6-րդ վարչության պետ եղած ժամանակահատվածի աշխատավարձից։ Այվազյանը 400 հազար դրամի եկամուտ է ստացել Հայաստանի ֆրանսիական համալսարաանից, 261 հազար դրամ՝ Եվրոպական համալսարաանից, 350 հազար դրամ՝ Փաստաբանական դպրոցից, 103 հազար դրամ՝ Պետական կառավարման ակադեմիայից։ 

2000 թվականից Այվազյանը եղել է ոստիկանական համակարգում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2017-ին նա նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, իսկ հեղափոխությունից հետո՝ ոստիկանության 6-րդ վարչության պետ, իսկ 2019-ի օգոստոսին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Մկրտիչ Կարապետյան