1 հուլիս, 2020 14:42

Հայաստանցիների 70%-ը կողմ է, 16%-ը «որոշակի պայմաններով» կողմ է Արցախը Հայաստանի մաս հայտարարելուն

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) արդեն 9-րդ անգամ իրականացրել է «Կովկասյան բարոմետր» անունը կրող հետազոտությունը։ Հարցումներն ացնկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ը։

Հարցման շրջանակում CRRC-Armenia-ի մասնագետները ուսումնասիրել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայաստացիների տրամադրությունները:

Այսպես, Հայաստանում հարցվածների միայն 30 տոկոսն է կարծում, որ առաջիկա հինգ տարում խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Հարցվածների 13 տոկոսը շատ հավանական է համարում առաջիկա հինգ տարում խնդրի բանակցային ճանապարհով կարգավորումը, 23 տոկոսի համար դա քիչ հավանական է, իսկ 21 տոկոսն ընդհանրապես նման հավանականություն չի տեսնում: Հարցվածների 13 տոկոսն էլ պատասխանել է՝ չգիտեմ:

Հետաքրքիր պատկեր է ստացվել, երբ մարդկանց ուղղվել է հետևյալ հարցը՝ որքանով է հավանական առաջիկա հինգ տարում արցախյան խնդրի կարգավորման ուժային տարբերակը: 

Հարցվածների միայն 11 տոկոսն է շատ հավանական համարում խնդրի ուժային կարգավորումը, 16 տոկոսը պատասխան չունի, ավելի շուտ հավանական է համարում 26 տոկոսը, ավելի շուտ անհավանական՝ 25 տոկոսը, իսկ շատ անհավանական՝ 22 տոկոսը:

Պաշտոնապես Արցախը Հայաստանի մաս հայտարարելուն միանշանակ կողմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը, 9 տոկոսը դեմ է, 16 տոկոսը կողմ է, բայց «որոշակի պայմաններով», 1 տոկոսն անտարբեր է, իսկ 4 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Հարցվողների 52 տոկոս միանշանակ կողմ է, որ Արցախը լինի անկախ պետություն, 23 տոկոսն աջակցում է այդ գաղափարին, բայց «որոշակի պայմաններով», իսկ դեմ է 23 տոկոսը: Անտարբեր է հարցվածների 1 տոկոսը, իսկ 4 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Արցախի՝ որպես հատուկ վարչական միավոր դառնալուն, որը կկառավարեն Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ, դեմ է հարցվածների 92 տոկոսը, 4 տոկոսը պատրաստ է ընդունել այն, բայց «որոշակի պայմաններով»։ Դրան միանշանակ կողմ է հարցվածների 1 տոկոսը: Անտարբեր է հարցվածների 1 տոկոսը, իսկ 3 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Հայաստանում, համաձայն հարցման, կատեգորիկ դեմ են Արցախը թեկուզ բարձր ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում տեսնելուն: Այդ գաղափարին դեմ է արտահայտվել հարցվածների 95 տոկոսը, որոշակի պայմաններով պատրաստ է ընդունել այն հարցվածների 1 տոկոսը: Անտարբեր է հարցվածների 1 տոկոսը, իսկ 2 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Սոցիոլագիական ճիշտ նույն պատկերն է ստացվել, երբ հարցվողներին ուղղվել է հետևյալ հարցը՝ կողմ եք արդյոք Արցախն առանց որևէ ինքնավարության կարգավիճակի Ադրբեջանի կազմում ընդգրկելուն: