2 հուլիս, 2020 12:41

Պուտինի հրաժեշտի արարողությունը կարող է երկարաձգվել 12 տարով

Հուլիսի 1-ին Ռուսաստանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը։ Այն նախատեսվում էր անցկացնել դեռևս ապրիլի 22-ին, սակայն կորոնավիրուսային համավարակը Ռուսաստանի իշխանություններին ստիպեց ոչ միայն հետաձգել հանրաքվեն, այլև քվեարկությանն առնչվող մի շարք նորարարական քայլեր ձեռնարկել։ Քվեարկությունն անցկացվեց մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը՝ այդ ճանապարհով փորձելով նվազեցնել մարդկանց կուտակումները ընտրատեղամասերում։ Բացի այդ, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի բնակիչների համար ստեղծվել էր օնլայն քվեարկության հնարավորություն, որից օգտվեց ավելի քան մեկ միլիոն հարյուր հազար քաղաքացի։ Տեխնոլոգիակական նորարություններից էր նաև տանը անշփում քվեարկության անցկացումը։ Հարկ է նշել, որ 1993 թ. ընդունված սահմանադրության մեջ մինչ այս պահը ընդամենը երեք անգամ էին փոփոխություններ կատարվել, այդ թվում՝ Նախագահի և Պետական Դումայի լիազորությունների ժամկետի ավելացման առնչությամբ, սակայն ներկա փոփոխություններն աննախադեպ են թե՛ ծավալի, թե՛ բովանդակության առումով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը, որոնց շուրջ 78 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին։ Վերջին շրջանի ավանդույթի համաձայն, իշխանության առաջարկած փոփոխություններն ամենամեծ աջակցությունն են ստացել Չեչնիայում՝ մոտ 98 տոկոս, Տուվայում՝ 97 տոկոս, և Ղրիմում՝ 90 տոկոս։ 

Ինչպես որոշվեց գնալ սահմանադրական փոփոխությունների

Սահմանադրական փոփոխությունների առաջարկը նախագահ Պուտինը ներկայացրեց 2020 թ. հունվարի 15-ին Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում։ Պուտինի առաջարկած փոփոխությունները չէին նախատեսում 2024-ից հետո նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն։ Հիմնական շեշտը դրված էր խորհրդարանի և վարչապետի լիազորությունների ավելացման, ինչպես նաև Պետական խորհրդի դերի էական բարձրացման վրա։ Այս առաջարկները վերլուծաբանների մեծ մասը փորձեց կապել 2024-ից հետո վարչապետի կամ Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու Պուտինի մտադրության հետ։

Այս վարկածը կասկածի տակ դնող «առաջին ծիծեռնակը» նախագահ Պուտինի երկարամյա օգնական Վլադիսլավ Սուրկովն էր, որը 2020-ի փետրվարի 26-ին հրապարակված հարցազրույցում բարձրաձայնեց այդ մասին։ «Սուվերեն ժողովրդավարության» տեսության մշակողը, որը Ռուսաստանում «Գորշ կարդինալի» համբավ ուներ և 2020-ի հունվարին  հեռացել էր նախագահի աշխատակազմից, նշում էր, որ նախագահի լիազորությունների սահմանափակումը իրավական առումով պահանջում է գործող նախագահի ժամկետների զրոյացում։

Դրանից հետո իրադարձությունները զարգացան գրեթե կայծակնային արագությամբ։ 2020-ի մարտի 10-ին Պետական դումայում սահմանադրական փոփոխությունների օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ աշխարհում առաջին կին տիեզերագնաց, պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկեց նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ զբաղեցնող անձին թույլատրել մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին անկախ այն հանգամանքից, թե վերջինս նախքան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը քանի անգամ է զբաղեցրել նախագահի պաշտոնը։ Նույն օրը Դումայում ունեցած իր ելույթում այս առաջարկը պաշտպանեց նաև Պուտինը, որից հետո փոփոխությունների նախագիծը հաստատվեց Դումայի և Դաշնային խորհրդի կողմից։ Մարտի 16-ին Ռուսաստանի սահմանադրական դատարանը որոշեց, որ այդ փոփոխությունները համապատասխանում են սահմանադրությանը։

Վերլուծաբանների վարկածները

Ռուսաստանով զբաղվող վերլուծաբանները հունվարի 15-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների երկու հիմնական վարկած են առաջ քաշում։ Առաջինի համաձայն, Պուտինն ի սկզբանե որոշել էր իր համար հնարավորություն ստեղծել մասնակցել նաև 2024 և 2030 թթ. ընտրություններին, և հունվարի 15-ի առաջարկներն ընդամենը այս գաղափարը քողարկող ծխածածկույթի դեր էին կատարում։ Երկրորդ վարկածի համաձայն՝ Պուտինն ինքը հունվարի 15-ին վերջնական որոշում չէր կայացրել այս հարցի վերաբերյալ, և նախագահական նախորդ ժամկետների զրոյացման առաջարկը վերջնականապես ընդունվել է միայն Պուտինի նեղ շրջապատի ակտիվ ջանքերի շնորհիվ։ Ինքը Պուտինը հունիսի վերջին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2024-ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ՝ շեշտելով, որ նման հնարավորություն չլինելու դեպքում արդեն մոտ ապագայում պետական համակարգը աշխատելու փոխարեն կսկսի զբաղվել «Նախագահի իրավահաջորդի փնտրտուքով»։

Սահմանադրական հանրաքվեին անդրադառնալիս հարկ է նշել, որ Պուտինի ժամկետների զրոյացումը ամենահնչեղ բայց ոչ միակ կարևոր փոփոխությունն է։ Նոր սահմանադրությամբ մեծանում են Պետական դումայի լիազորությունները վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների մեծ մասի նշանակման գործում։ Միևնույն ժամանակ, սահմանադրությունը ֆիքսում է ուժային նախարարների ուղղակի ենթակայությունը նախագահին։ Վերջինս հնարավորություն է ստանում նաև Դաշնային խորհրդին առաջարկել պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի դատավորներին։ Նախագահին հնարավորություն է տրվում նաև իր լիազորությունների ավարտից հետո ցմահ զբաղեցնել Դաշնային Խորհրդի անդամի՝ սենատորի պաշտոնը։

Կարևոր փոփոխությունների թվում է նաև սահմանադրության մեջ այն դրույթի ներառումը, որի համաձայն միջազգային պայմանագրերը և միջազգային կազակերպությունների որոշումները Ռուսաստանի տարածքում կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում Ռուսաստանի սահմանադրությանը։ Այս փոփոխությամբ Ռուսաստանը փաստացի մերժում է միջազգային տարբեր դատարանների, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ավտոմատ և աներկբա կատարումը Ռուսաստանի տարածքում։

․․․

Ամփոփելով կարող ենք նշել, որ հուլիսի 1-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինին, այնպես էլ նախկին նախագահ Մեդվեդևին ևս երկու անգամ մասնակցել նախագահական ընտրություններին։ Դրանք առնվազն միջնաժամկետ հեռանկարում էականորեն նվազեցնում են իշխանության փոխանցման ժամանակ ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հնարավորությունը, սակայն երկարաժամկետ հեռանկարում կարող են «դանդաղ աշխատող ռումբի» էֆեկտ ունենալ։ 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: