3 հուլիս, 2020 17:09

«Մշակութային քթի ծակ»․ 12-ժամյա քննարկում՝ հանուն գեղագիտական ընկալման

Քանդվող Ֆիրդուսի շուրջ ծավալվող իրադարձությունները սրտացավ մի շարք խմբերի և անհատների ուշադրության կենտրոնում են։ FuckUp Nights Armenia-ի հիմնադիրներ Հայարփի Սահակյանն ու Վաչե Ջիհանյանն իրենց ստեղծած Education Upside Down կրթական հարթակի շրջանակում հունիսի 27-ին կազմակերպել էին քննարկում «Մշակութային քթի ծակ» խորագրով։ 12-ժամանոց առցանց քննարկումն անդրադարձել է վերջին տասնամյակների մշակութային խնդիրների խորքային պատճառներին, հետևանքներին և ապագայում հնարավոր լուծումներին։

Տեսակապի միջոցով ելույթ է ունեցել 40 բանախոս՝ տարբեր ոլորտների մասնագետներ Հայաստանից և աշխարհի 5 մայրցամաքներից։ Ելույթները կարելի է դիտել Education Upside Down-ի յութուբյան ալիքում։ 

«Մենք միջդիսցիպլինար մոտեցում ենք ցուցաբերում, այսինքն, փորձում ենք տարբեր մասնագետների համատեղել, որ տարբեր տեսանկյուններից փորձեն հարցին անդրադառնալ։ Մեկ հարթակում համատեղել ենք ոչ միայն հայերի, այլև աշխարհի առաջատար համալսարանների մասնագետների»,- ասում է Հայարփի Սահակյանը։

««Մշակութային քթի ծակ» անունը ծագեց, մտածեցինք, որ հումորային, թեթև միտք է, որի շուրջ կարելի է քննարկում ծավալել։ Հասկանում էինք, որ լուրջ խնդիր կա էսթետիկայի, գեղագիտական ընկալման։ Այսինքն, ոնց կարող էր լավ լուրջ ճարտարապետություն ունեցող երկիրը՝ Հայաստանը, որ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին լավագույնն էր ու կարծեմ միակն էր, որ ուներ ազգային ճարտարապետություն, հանկարծակի 30 տարվա մեջ էսպես դեգրադացիայի հասներ»,- ասում է Վաչե Ջիհանյանը։

Նախաձեռնությանը միացել են մարդիկ, որոնք ի սկզբանե հետաքրքրված էին Ֆիրդուսի թեմայով, Երևանի դեմքը, պատմությունը պահպանելու ցանկությամբ, և որոնք ունեն նոր լուծումների առաջարկներ, տեսլական այս խնդրի շուրջ։

«Քաղաքը պատկանում է ոչ թե ճարտարապետներին, այլ մարդկանց՝ քաղաքացիներին, և միայն ճարտարապետները չէ, որ պետք է այդ հարցը լուծեն էսօր։ Խնդիրը բարդ է, և դրան պետք է շատ տարբեր անկյուններից նայել»,-ասում է Վաչե Ջիհանյանը։

«Խնդիրը միայն ճարտարապետական չէ․ այստեղ պետք է ներգրավված լինեն դիզայներներ, մարդաբաններ, հոգեբաններ, հասարակագետներ, իրավաբաններ, ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ»,- ավելացնում է Հայարփին։ 

Քննարկումը, կազմակերպիչների խոսքով, այն բողոքի արտահայտման հնարավորությունն էր, որից արտակարգ դրության պատճառով զրկվել են Ֆիրդուսի խնդրով մտահոգ քաղաքացիները։ 

Այս մասին Վաչե Ջիհանյանն ասաց․ «Որոշեցինք ZOOM-ով անել, և հատուկ ընտրեցինք 12 ժամը՝ որպես փոքրիկ զոհաբերություն մեր կողմից․ քանի որ լոքդաունի պատճառով փողոց փակել չէինք կարող, որոշեցինք ֆեյսբուքի երթևեկությունը փակել»։ 

Education Upside down կրթական հարթակի տակ ամուսինները որոշել են համատեղել իրենց բոլոր կրթական ծրագրերը։ Նրանց խոսքով՝ նախաձեռնությունը չի լուծում երեկվա կամ այսօրվա խնդիրները, այն միտված է վաղվա, վաղը չէ մյուս օրվա խնդիրների լուծումներ փնտրելուն։

Սաթենիկ Հակոբյան