3 հուլիս, 2020 22:52

Լրագրողին ԱԱԾ-ի համար հավաքագրելու սկանդալի հերոսը՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական

Տարիներ առաջ ԱԱԾ-ի համար լրագրող Հրայր Մանուկյանին հավաքագրելու գործընթացից հայտնի դարձած Նարեկ Արաքսման-Մանուկյանը անցյալ տարեվերջից նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Արաքսման-Մանուկյանն ըստ էության «միջնորդ» էր դարձել լրագրողի և Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հանդիպման համար, որի ժամանակ Հակոբյանը Հրայր Մանուկյանին առաջարկել, պահանջել էր համալրել ԱԱԾ շարքերը։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի նշանակման ժամկետների վերաբերյալ երկու պետական հաստատություններ տարբեր տվյալներ են հայտնում։ 

Դեպքի մասին

2014-ին Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը  պահանջում է լրագրող, «ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար, սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ հետևանքներ. «Ո՞նց ես պատկերացնում պետությանը չէ ասողը հետո էդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։ 

ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում հետևանքներն իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։ Վլադ անունով ներկայացող ԱԱԾ-ականը, ինչպես հետագայում պարզվեց, Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էր, որը չէր հերքել իր մասնակցությունը հավաքագրման այս գործում, ասելով, թե առաջնորդվել է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական նորմատիվ ակտերով։ Հակոբյանին և Մանուկյանին իրար հետ ծանոթացրել էր Նարեկ Արաքսման-Մանուկյանը։ 

Լրագրող Հրայր Մանուկյանը վստահ է՝ Արաքսման-Մանուկյանը ևս ԱԱԾ-ական է եղել, որովհետև վերջինս է շփումներ հաստատել իր հետ, իսկ մի հանդիպման ժամանակ «պատահաբար» տեսել է իր ընկեր Վլադիմիրին և ծանոթացրել Մանուկյանի հետ։ «2014-ի հունվարից հունիս ամիսներին Արաքսման-Մանուկյանն ինձ կանչում էր հանդիպումների, զրուցում էինք քաղաքական թեմաներով։ Հետո մի անգամ նստած էինք, երբ իբր պատահաբար Արաքսման-Հակոբյանը հանդիպեց։ Նա ներկայացրեց այդ տղային՝ որպես ԱԱԾ-ում աշխատող իր ընկեր։ Մի այլ օր Արաքսման-Մանուկյանն էլի զանգահարեց, ասաց հանդիպենք։ Գնացի, էդ տղան էր այնտեղ նստած։ Զրույցի կեսից Արաքսման-Մանուկյանն իբր զանգ ստացավ Աշոտյանից (Արմեն Աշոտյանն այդ տարիներին ԿԳՆ նախարարն էր)  ու գնաց: Մնացի Վլադիմիրի հետ, ու նա էդտեղ ասաց, որ որոշել են՝ իրենց համար պիտի աշխատեմ»,- հիշում է Մանուկյանն ու ասում, որ Արաքսման-Մանուկյանը կոնկրետ աշխատանք ուներ իրեն հավաքագրելու այդ գործընթացում։ 

Հրայր Մանուկյանի խոսքով՝ ԿԳ նախարարի խորհրդականը լավ իմանալով, որ ինքը դեմ է ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտքին, ծանոթացրել է մեկ այլ անձի հետ, որը ևս դեմ է հանդես եկել ԵՏՄ-ին անդամակցությանը։ Այդ անձը եղել է Արթուր Ղազինյանը, որ ներկայում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն է ու ԵՊՀ-ում եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը. «Ղազինյանը արհեստական հակառուսական թեմաներից էր խոսում։ Հիմա արդեն հասկանում եմ, որ ինձ հավաքագրելու շրջանակում ինձ ծանոթացնում էին իբր իմ հայացքները կիսող մարդկանց հետ, որոնք հավանաբար իրականում իրենց աշխատողներն էին»,- նշում է Հրայր Մանուկյանը։ Վերջինիս կատարած ու տարածած ձայնագրությունից հետո ԿԳՆ-ն չէր հերքում Արաքսման-Մանուկյանի առնչությունն այդ ամենին։ 

Ե՞րբ է նշանակվել Արաքսման-Մանուկյանը և ի՞նչ է անում նախարարությունում

Սիվիլնեթը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ տեղեկանալու, թե երբ է Արաքսման-Մանուկյանը նշանակվել նախարարի խորհրդական։ Նախարարությունից պատասխանել են, որ Արաքսման-Մանուկյանը նշանակվել է այս պաշտոնում 2012-ի փետրվարին, իսկ 2019-ի հունիսի 4-ին՝ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, վերանշանակվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնում։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած  հայտարարագրում, սակայն, երևում է, որ նա այդ պաշտոնը ստանձնել է 2019-ի դեկտեմբերի 30-ին, ինչը հակասության մեջ է նախարարության տրամադրած տեղեկատվության հետ։ Նախարարի հրամանների շտեմարանում Արաքսման-Մանուկյանի նշանակման հրամանագիրը չհաջողվեց գտնել։ 2017, 2018  թվականների նրա հայտարարագիրը ևս առկա չէ։ 

ԿԳՄՍ-ից հետաքրքրվել էինք, թե մասնավորապես ինչ խորհրդատվություն է տրամադրում Նարեկ Արաքսման-Մանուկյանը նախարարին։ Ստացվել է հետևյալ պատասխանը. 

«Արաքսման-Մանուկյանը մասնակցում է միջազգային համագործակցության շրջանակում կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրագործման, որակի մոնիթորինգի, ինչպես նաև նշված ուղղություններով պետական քաղաքականության արդյունավետության գնահատման աշխատանքներին։ Բացի այդ, այլ պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ստանում է նախարարության կողմից իրականացվող գործառույթների և առաջադրված խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, կատարում է նախարարի հանձնարարականները, տրամադրում ոլորտային խորհրդատվություն»։ 

Նախարարությանը խնդրել էինք մեզ տրամադրել Արաքսման-Մանուկյանի կենսագրությունը։ Ի պատասխան սրա՝ նախարարության գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դա պարունակում է անձնական բնույթի տվյալներ, և կենսագրությունը կարող ենք ձեռք բերել միայն Արաքսման-Մանուկյանից։ Թե ինչ անձնական բնույթի տվյալների մասին է խոսքը, կարելի է միայն կռահել։ 

Մկրտիչ Կարապետյան