7 հուլիս, 2020 13:23

«Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծում և պատմական գիտելիքի պակաս»․ Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը

ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄաքԷնանին հուլիսի 6-ի ճեպազրույցում հիշատակել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ վանդալիզմի ենթարկվող հուշարձանների համատեքստում։ Խոսնակի հայտարարությունը քննարկումների առիթ է դարձել` հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ավանդաբար ձեռնպահ է մնում Հայոց ցեղասպանություն ձևակերպումից։ Ինչպես նկատում է Business Insider պարբերականը, խոսնակի կողմից արտահայտության գործածումը Թրամփի վարչակազմի և թուրքական կառավարության միջև հարաբերություններում կարող է խնդրահարույց լինել։ 

Քեյլի ՄաքԷնանին, մասնավորապես, խոսել է վերջին շրջանում երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում վանդալիզմի ենթարկված հուշարձանների, այդ թվում՝ Դենվերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մասին։

«Թվում է՝ գործ ունենք հասկանալու և պատմական գիտելիքի պակասի հետ, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը»,- ասել է խոսնակը։

Business Insider-ը դիմել է Սպիտակ տուն՝ հասկանալու, թե արդյոք վարչակազմը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն մեկնաբանություն չի ստացել։ Լուռ է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը։

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս առնչությամբ ասել է․ «Մենք գնահատում ենք, որ վարչակազմը արձանագրել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծման դեպքը և հաստատել պատմական ավելի խորը գիտելիքների անհրաժեշտությունը»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ ՄաքԷնանիի մեկնաբանությունը կարող է դառնալ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման առաջին քայլը։

Ստելլա Մեհրաբեկյան

Լուսանկարում՝ Դենվերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, որը ենթարկվել է վանդալիզմի