7 հուլիս, 2020 20:22

Ադրբեջանը կարող է հրաժարվել ղարաբաղյան բանակցություններից. Իլհամ Ալիև

Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 6-ին մի շարք հեռուստաընկերությունների հետ զրույցում։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, Ալիևն ասել է, թե Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, «քանի որ այն արդար է»։

«Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա։ Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, մենք թույլ չենք տա հայկական երկրորդ պետություն ստեղծել ադրբեջանական հողում»,- ասել Է Ալիեւը։

Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստան է։ Այդ հայտարարությունը ձախողում է բանակցությունները և անիմաստ է դարձնում դրանք․․․ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց նաև ձևաչափը փոխելու Երևանի փորձերին, որը պահանջում էր Ադրբեջանից բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ»։

«Այսօր փաստացի կարգավորման բանակցություններ չկան։ Ոչ մի օգուտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից չկա։ Դա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է։ Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»,- ասել Է Ալիևը։

#CivilNet #News