8 հուլիս, 2020 15:52

Աշխարհում չկա որևէ սփյուռք, որը հարյուր տոկոսով հետ է վերադարձել իր բնօրրան․ Արա Սանճեան

Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանճեանի հետ ՍիվիլՆեթի Արէն Քերթեշեանը խոսել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, հայրենադարձության գաղափարի և համահայկականության տեսլականի մասին։ Դոկտոր Արա Սանճեանի հետ հարցազրույցից հատվածներ՝ ստորև։

Հայրենադարձության օրակարգի մասին

Իմ կարծիքով՝ հայրենադարձության հարցն ունի երկու բաղադրիչ։ Մեկն ազգային իդեալներն են, որ բոլոր հայերը պիտի ապրեն Մեծ Հայաստանում։ Փորձելով միացնել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հնչակյան» կուսակցությունների երկու կարգախոսները՝ պետք է լինի ամբողջական, ազատ, անկախ, միացյալ Հայաստան՝ ամբողջական հայությամբ։ Իհարկե, այս երազանքն իրականացնելը, հատկապես երկրորդ մասը, դատելով համաշխարհային փորձից, գրեթե անկարելի է։ Աշխարհում չկա որևէ սփյուռք, որը հարյուր տոկոսով հետ է վերադարձել իր բնօրրան։

Երկրորդ բաղադրիչը, իհարկե, Հայաստանի կառավարության վրա եղած ճնշումն է վերջին տարիներին՝ Սերժ Սարգսյանի 4 միլիոնի խոստումը, Նիկոլ Փաշինյանը հաջորդ տասը տարվա վրա մեկ միլիոն ևս ավելացրեց։ Այդ ձևով Հայաստանի կառավարությունն ինքն իր ձեռքով փաստորեն պատանդ դարձավ ընդդիմախոսների համար, որոնք կարող են նաև այդ հարցը շահարկել։

Կարծում եմ, որ հայրենադարձությունն այսօր անհնարին է կազմակերպել այնպես, ինչպես 1946-49-ին։ Նույնիսկ այդ ժամանակ այդ չափերով կազմակերպելը երևի տնտեսապես շատ խելամիտ քայլ չէր։

Ավելի փոքր հայրենադարձություն կա, նշում է Սանջյանը, հիմնականում չորս երկրից, ներառյալ այն սիրիացիները, որոնք Հայաստան էին եկել 2011-ի դեպքերից առաջ։ Հայրենադարձների մնացած մասը գալիս է հիմնականում երեք երկրից՝ Լիբանան, Իրան և ԱՄՆ։

Ինչո՞ւ են գալիս

Մի կողմ դնենք անվտանգության պատճառով եկող իրաքահայերին և սիրիահայերին։ Մի շրջանում Լիբանանում տնտեսական դժվարությունների պատճառով խումբ եկավ, բայց նրանք օգտվում էին Լիբանանի դրամի համեմատաբար կայուն լինելուց։ Եթե նրանք Լիբանանում եկամուտ ունեին, այն այսօր գրեթե անարժեք է Լիբանանից դուրս, ներառյալ Հայաստանում։ Այս ամբողջը խնդիր է։

Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջին ամիսներին մեծ աշխատանք տարավ Սփյուռքի գործերով նոր հանձնակատարի գրասենյակով Ռուսաստանից ներգաղթ բերելու ուղղությամբ, սակայն, կարծես, մեծ խանդավառություն չկա, եթե Հայաստանը տնտեսապես իր վիճակը չբարելավի։ 

Ընդհանրապես, Հայաստանը ցանկանում է ինքնաբավ սփյուռքահայերի վերադարձն այն ակնկալիքով, որ եկողը ոչ միայն իր համար աշխատատեղ ստեղծի, այլ նաև հայաստանաբնակների համար։

Իսկ սփյուռքում քանի՞ հոգի ունի այդքան դրամագլուխ, որ նրան տալիս է հայաստանաբնակների համար աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն։ Վերջիվերջո, սփյուռքի բնակչության մեծ մասը պաշտոնյաներ են կամ իրենց գլուխը հազիվ պահող մարդիկ, ինչպես ցանկացած հասարակությունում։ 

Եթե իսկապես հավատանք, որ Հայաստանին անհրաժեշտ է հայրենադարձություն, եթե դա ավելին է, քան կարգախոս, Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու շատ լուրջ աշխատանք է պետք կատարել։ Կարծում եմ, որ այդ պարագայում ամենահավանական վերադարձողները վերջին տարիներին Ռուսաստան գնացողները կամ Եվրոպայում անկայուն և համեմատաբար աղքատ վիճակ ունեցողներն են։ 

Կարելի է ավելացնել նաև Միջին Արևելքի անկայուն գաղութների խնդիրը, երբ մարդիկ ավելի շատ քաղաքական պատճառներից ելնելով են փախչում։ Սրանից դուրս, կարծում եմ, սփյուռքահայ օջախները հյուրընկալող երկրները կայուն են, որտեղից մեծ քանակությամբ ներգաղթ ակնկալելն առաջիկա տասնամյակում գոնե շատ տրամաբանական չէ։

Ավանդական սփյուռք և Նոր սփյուռք

Ուզում եմ այս հարցին նայել ավանդական սփյուռքի տեսանկյունից, որը ես կոչում եմ հետեղեռնյան սփյուռք։ Այն շեշտակիորեն տարբերվում է հետխորհրդային սփյուռքից։ 

Ընդհանրապես, մինչև հիմա, երբ Հայաստանի կառավարությունում սփյուռքի մասին էին խոսում, հատկապես մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը, ավելի շատ հասկանում էին ավանդական սփյուռք։ Օրինակ, երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, այդ տարիներին նախարար, տիկին Հրանուշ Հակոբյանի հիմնական շեշտը ավանդական սփյուռքն էր։ Նախագահն անձամբ քիչ էր խառնվում այդ հարցերին, և ընդհանրապես, երբ արտասահման էր գնում, հրապարակային ելույթ սփյուռքահայերի առջև ես չեմ հիշում։ Մեկ-երկու փակ ելույթներ է ունեցել փոքր թվով, օրինակ, համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Սա ամբողջությամբ փոխվեց 2018-ի ապրիլից հետո։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է՝ իր շուրջը հավաքվում են նոր սփյուռքի ներկայացուցիչները։ Հարցերի 80 տոկոսը նոր սփյուռքի ներկայացուցիչների մտահոգություններն են, օրինակ՝ «բանակում չեմ ծառայել, ուզում եմ վերադառնալ»։ Եվ Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի հանգիստ է զգում նոր սփյուռքի հետ։ Ավանդական սփյուռքի հետ կապերը մի քիչ հետին պլան են մղվել։ 

Զարեհ Սինանյանը հիմնական շեշտը դրեց Ռուսաստանի վրա․ այցելություններն այնտեղ շատ էին։ Կարծում եմ, որ նաև դժբախտաբար այն հանգամանքը կա, որ Հայաստանի կառավարությունը՝ Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի ընդդիմադիրների ճնշմամբ, անընդհատ ստիպված է Ռուսաստանին փաստել, որ ինքը բարեկամ է, և պետք է ապացուցի, որ Ամերիկայից եկած անձը ինչ-որ ավելի մեծ դավադրության մաս չէ։ Կարծում եմ՝ երկու սփյուռքների խնդիրն ամենալուրջն է հայաստանյան ցանկացած իշխանավորի և սփյուռքյան ցանկացած ղեկավարի համար՝ անկախ այդ պաշտոնները զբաղեցրած անձանցից։

Մենք պետք է ընդունենք, որ կա երկու սփյուռք, որոնք իրար հետ շատ չեն շփվում․ լավագույն օրինակը Լոս Անջելեսն է։ Հայաստանի կառավարության պարտականությունն է փորձել այնպես անել, որ այդ երկու խմբերը ավելի շատ իրար հետ հարաբերություն ունենան։ Դժվար գործ է, բայց անհրաժեշտ գործ է։ Ավանդական սփյուռքյան կառույցներն էլ պետք է ավելի պատրաստ լինեն նոր սփյուռքի հետ համագործակցելու, բայց ինչքան տեսնում եմ, հոգեբանական պատվարները՝ տարբեր աշխարհայացք, տարբեր առաջնահերթություններ, դյուրին չէ կոտրել։

Ավանդական սփյուռքն էլ իր պառակտվածությունն ունի, օրինակ՝ կուսակցական նախընտրություններում, կամ թե որ երկրից ես եկել նորաստեղծ համայնքներ՝ Պարսկաստանից, Թուրքիայից, թե Արաբական երկրներից․ կա լեզվի հարց, բայց ամենակարևորը ընկալումների հարցն է։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքից եկած մարդիկ ուզում են հեռու մնալ կառավարությունից, իսկ Հայաստանից եկածները կառավարության նկատմամբ պահանջատեր են։

Հայաստանի կառավարությունն ունի կախարդական գրավչություն՝ երկու սփյուռքերի հետ խոսելու

Պետք է ասեմ, որ Հայաստանի կառավարությունն ունի այդ կախարդական գրավչությունը՝ իբրև միակ հայկական պետական կառույց, խոսելու երկուսի հետ։ Բայց այդ աշխատանքը պետք է կատարեն այնպիսի հմուտ մարդիկ Հայաստանում, որ երկու սփյուռքերին էլ կարողանան հանգիստ բերել նույն սեղանի շուրջ այնպես, որ երկուսն էլ զգան՝ պաշտոնական Երևանը լուրջ կերպով պատրաստ է լսել իրենց մտահոգություները, կիսել երազանքները և այլն։ Ասելը դյուրին է, բայց իրականացնելը լուրջ գործ է, որ հետևողական աշխատանք է պահանջում, և որի ընթացքում սխալների վրա սովորելը անպայման իր տեղը պետք է ունենա։

Համահայկականության տեսլականի մասին․ պետք է գտնել 10 միլիոնը ընդգրկող ընդհանուր գիծ

Եթե հավատանք համընդհանուր հայության այդ 10 միլիոն թվին, կարող ենք համահայկականությունը շատ լայն մեկնաբանել։ Պետք է գտնել 10 միլիոնը ընդգրկող ընդհանուր գիծ։ Շատ քիչ բան կա, որ բոլոր հայերին միավորում է։ Բայց եթե ավելի փոքր չափերով նայենք, անշուշտ նմանությունները կավելանան։

Եթե սփյուռքահայությունը 4-5 միլիոն հաշվենք, այնտեղ մի քանի միլիոն կա, որոնց առավելագույն կապը Հայաստանի հետ երևի կյանքի ընթացքում մեկ-երկու անգամ Հայաստանը որպես զբոսաշրջիկ այցելելն է։ Այդ 4-5 միլիոնի մեջ կան մարդիկ, որոնք, վստահ եմ՝ նույնիսկ չգիտեն ՀՀ նախագահի կամ վարչապետի անունը։

Բայց ավելին սպասել և քաղաքականություն մշակել այն հույսով, որ 6-7 միլիոն անձ մեկ շնչով պետք է ոտքի կանգնի մի ազդանշանի արդյունքում, մի քիչ երազատեսություն է։

Պատրաստել է Լուսինե Վարդանյանը