8 հուլիս, 2020 11:46

Խորացող ճգնաժամ․ ինչու են տարբերվում կառավարության, ԿԲ-ի և Վաչե Գաբրիելյանի գնահատականները

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Հայաստանում սպասվող տնտեսական անկումը գնահատում է շուրջ 10 տոկոս, որը 5 անգամ գերազանցում է կառավարության և 2,5 անգամ՝ Կենտրոնական բանկի կանխատեսումները:

Կառավարության, Կենտրոնական բանկի ու իրենց գնահատականի միջև անգամների հասնող շեղումները Վաչե Գաբրիելյանը բացատրում է հաշվարկների մեթոդաբանության տարբերությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ դրանք արվել են տարբեր ժամանակներում: 

«Պետության գնահատականը նախկինում գործող էկոնոմետրիկ մեթոդների հիման վրա է, որոնք, ըստ իս, չեն ադապտացվել նոր իրողություններին... Մեր գնահատականի մեջ հաշվի են առնված նաև դրսից եկող տրանսֆերտները, ճյուղային բաշխվածությունը և այլն», - նշում է Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ եթե կառավարությունը հիմա գնահատեր իրավիճակը, ապա տնտեսական անկման հետ կապված ցուցանիշներն այլ կլինեին: «Եթե հիմա հաշվի կառավարությունը, ապա վստահ եմ՝ անկումը 4-5 տոկոսից պակաս չի գնահատի», - ասաց նա:

Փորձագիտական գնահատականի մեջ, նշում է Գաբրիելյանը, հաշվի են առնված արտաքին շոկերը, արտասահմանից փոխանցվող տրանսֆերտների կրճատումը, կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության մակարդակը: 

«Կառավարության հակաճգնաժամային միջացառումներից որոշները խիստ թիրախային են, ասենք՝ տուժած ճյուղերին տրամադրվող աջակցությունը», - նշում է Գաբրիելյանն ու հավելում, որ իր համար կան նաև անհասկանալի միջացառումներ:

«Օրինակ, 17-րդ միջոցառումը, որով դրամաշնորհներ են տրամադրվում ՏՏ ոլորտի ընկերություններին, ստարտափներին: Այնպես չէ, որ սա ինքնին վատ երևույթ է: Այն արդյունաբերական քաղաքականության մաս է, և պետությունը ժամանակ առ ժամանակ պետք է խթանիչ քայլեր անի: Սակայն սա որևէ կապ չունի կորոնավիրուսի ազդեցության հետևանքների հաղթահարման հետ: Բանն այն է, որ նրանց տրամադրվող գումարները ստեղծելու են շատ ավելի քիչ նոր աշխատատեղեր, քան եղած աշխատատեղերն են, որոնք պետք է պահել», - ասաց նա:

«Կառավարություն ի սկզբանե հայտարարել է, որ ավելի շատ գումար նախատեսում է տրամադրել նորարարական տեխնոլոգիաներին, զարգացման ծրագրերին, քան թե ճգնաժամից տուժած ընկերություններին: Սակայն առաջնային խնդիր պետք է լինի տուժածներին օգնելը, քան մնացածներին (զարգացման աջակցություն տրամադրելը – խմբ.): Օրինակ՝ կան ծառայություներ, նույն զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերություններ, որոնք վարկային միջոցներ էին ներգրավել իրենց աշխատանքի կազմակերպման համար: Եթե այժմ մենք այդ ընկերություններին չաջակցենք, որ նրանք որպես բիզնես շարունակական լինեն ու հաղթահարեն դժվարությունները, ապա մոտ ապագայում մենք կարող ենք խնդիր ունենալ, քանի որ նույն քանակությամբ ու նույն որակի ծառայություններ ի վիճակի չենք լինի մատուցել», - ընդգծեց նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ հատկապես այս ոլորտում պետք է շատ արագ գործադրվեն խթանիչ միջոցառումները, քանի որ ամառային արձակուրդների շրջանը սկսվել է, և այդ ընկերությունները ներքին զբոսաշրջության զարգացման գործում կարող են դրական փոփոխություններ բերել:

«Կարելի է հատկապես համաճարակի տարածումը զսպելու տեսանկյունից խթանել նաև առաքման ծառայությունները: Նաև խթանել թվային ծառայությունների որակը», - նկատում է նա՝ հավելելով, որ կառավարությունը դեռ չի կիրառել մեկ գործիք, այն է՝ հարկային արձակուրդեր տուժած ընկերություններին: