8 հուլիս, 2020 13:36

Հասանովը զինծառայողներին հրահանգել է առաջնորդվել Ալիևի «վերջին ելույթների պահանջներով»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առաջնագիծ այցի ժամանակ զինծառայողներին հրահանգել է «ամենօրյա ծառայության ժամանակ առաջնորդվել նախագահ Իլհամ Ալիևի ելույթներում առաջ քաշված պահանջներով»․ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Ըստ հաղորդագրության՝ նա ծանոթացել է օպերատիվ իրադրությանն ու տվել համապատասխան հրահանգները «ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստականության ապահովման» վերաբերյալ։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 6-ին մի շարք հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից։ Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստան է։ Այդ հայտարարությունը ձախողում է բանակցությունները և անիմաստ է դարձնում դրանք․․․ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց նաև ձևաչափը փոխելու Երևանի փորձերին, որը պահանջում էր Ադրբեջանից բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ։ Այսօր փաստացի կարգավորման բանակցություններ չկան։ Ոչ մի օգուտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից չկա։ Դա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է։ Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»։

Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետի խոսնակը։ 

***

Վերջին շրջանում Ադրբեջանում քննարկվում է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հնարավոր պաշտոնանկությունների հարցը։ Շրջանառվում են արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անունները։

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի՝ «ամերիկյան տեսահսկման համակարգերի» մասին հայտարարությունը

#ՍիվիլՆեթ #Լուրեր