8 հուլիս, 2020 17:18

Մայր Աթոռը՝ Հայաստանի ներկայիս ու նախկին իշխանությունների միջև

Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը և նրա դուրս հանումը հանրակրթական ուսումնական ծրագրից, որ այսօր լայն քննարկման թեմա է, իրականում և առաջին հերթին իշխանություն-նախկին իշխանություն պայքարի արտահայտությունն է:

Չկա խորքային քննարկում այն մասին, թե ո՞րն է տրամաբանական լուծումը․ Հայ առաքելական եկեղեցու, նրա նվիրապետական աթոռների և ընդհանրապես կրոնի պատմությունը որպես առանձին առարկա պե՞տք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում, գուցե տրամաբանական է և արդարացի մեր եկեղեցու պատմությունը, որ մեր պատմության անբաժան մասն է, դասավանդվի Հայոց/Հայաստանի պատմության հե՞տ:

Նախկին իշխանությունները, որ 2018-ի հեղափոխությունից հետո հարվածում են ներկաներին՝ մեղադրելով հակահայ, անաստված լինելու մեջ (մեղքերի ցանկը շատ ավելի երկար է), նոր առիթ են ստացել հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հայրենասիրական ու աստվածապաշտական հողի վրա նորանոր հարվածներ հասցնելու:

Գործող իշխանությունները, հատկապես կրթության ոլորտի պատասխանատուները, իրենց ինքնահավան, գոռոզ ու անպատրաստ/հանկարծակի մեկնաբանություններով նորանոր առիթներ են տալիս: Ամենալավ բարեփոխումը (նկատի չունեմ Հայ եկեղեցու պատմության առարկան) այնքան վատ կարող է մատուցվել, որ դառնա ընդդիմադիրների հենց ուզածը և նրանց բերանում ավելի երկար լեզու դնի:

Որևէ մեկը, ով պատրաստվում է տրամաբանված տեսակետ հայտնել, թե ինչու պետք է Հայ եկեղեցու պատմություն առարկան մնա հանրակրթական ուսումնական ծրագրում կամ ինչու չպետք է մնա, արժանանում է քաղաքական երկու բևեռների, տվյալ դեպքում՝ իշխանության ու նախկին իշխանության ամենախիստ քննադատությանը (փառք տանք Աստծուն, որ անեծքն ու նզովքը դեռ չեն մտել քաղաքական բառապաշար):

Ձևի ու բովանդակության խնդիր կա նաև: Այսինքն, կարելի է Հայ եկեղեցու պատմությունը անցնել որպես առանձին առարկա, բայց ճիշտ չմատուցել և կարելի է մեր եկեղեցու պատմությունը անցնել Հայոց պատմության մեջ և հրաշալի սովորել ու սովորեցնել:

Ի՞նչ խնդիր ենք լուծում որևէ առարկայի դասավանդումով՝ լինի կրոն, լեզու կամ քիմիա: Սա՛ պետք է լինի բանավեճի թեման, այլ ոչ թե այն, թե որքան աստվածավախ ու աստվածապաշտ ենք մենք և որքան անասատված ու հակաեկեղեցի եք դուք:

Հայ առաքելական եկեղեցին մեր պատմության կարևորագույն, անքակտելի մասերից է, հետևաբար, ինչո՞ւ այն չանցնել Հայոց պատմության առարկայի շրջանակներում: Մինչև 4-րդ դարը Հայաստանն ու հայ ժողովուրդը եղել են հեթանոս: Մեր պատմության այդ ժամանակաշրջանը, որ նաև ընդգրկում է Տիգրան Մեծին, մաս կազմո՞ւմ է կրոնի պատմության, թե՞ չի կազմում: Եզդիները և Հայաստանի մյուս փոքրամասնությունները ևս պե՞տք է անցնեն Հայ եկեղեցու կամ կրոնի պատմությունը: Հարցերը շատ են և անհրաժեշտ է կառուցողական միջավայր, որպեսզի հնարավոր լինի շահագրգիռ, առողջ ու օգտակար քննարկում ծավալել:

Ի դեպ, կրոնի ուսուցումը հանրակրթական դպրոցներում լուրճ բանավեճի թեմա է ամբողջ աշխարհում՝ ի բացառյալ այն երկրների, որոնք կրոնապետություններ են, օրինակ՝ Հայաստանի հարավային հարևան Իրանը:

Հունաստանում, օրինակ, որտեղ ուղղափառությունը ուժեղ դիրք ունի աշխարհիկ կյանքում, դպրոցներում կրոնը պարտադիր է, բայց եթե ծնողը դեմ է, ապա իրավունք ունի երեխային չուղարկել այդ դասին: Եվրոպական երկրներում այլընտրանքի հնարավորություն է տրվում դպրոցին՝ ընտրում ես կրոն, էթիկա կամ փիլիսոփայություն:

Հայ եկեղեցու պատմությունը հանրային դպրոցներում թեման և դրա շուրջ բանավեճը նոր չէ Հայաստանում, բայց նախկինում այն չի դարձել իշխանություն-ընդդիմություն հակասությունների առիթ:

Հայաստանում Հայ եկեղեցու պատմությունը հանրային դպրոց է մտել 2002-ին: Մինչ այդ նման առարկա չի եղել 1991-ից ի վեր:

Բնականաբար, կրոնը դպրոցում չէր կարող լինել նաև խորհրդային 70 տարիներին:

Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում չի եղել նաև Հայաստանի Հանրապետության տարիներին՝ 1918-1920թթ:

1918-ից Հայաստանում դպրոցն աշխարհիկ էր և այն դե յուրե ամրագրվեց 1920-ին՝ օրենսդրական նախագծով: Եկեղեցին անջատվեց պետությունից և մշակվեց նրանց միջև կնքվելիք պայմանագիրը, որով էլ կարգավորվում էին պետություն-եկեղեցի բոլոր իրավահարաբերությունները։

Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Խորենին էր այն օրենսդիրը, որի հեղինակած օրենքով եկեղեցին տարանջատվեց պետությունից և հանրակրթությունն ամբողջովին դուրս եկավ կրոնական ծիրից: Հոգևոր-ծխական դպրոցներ չկային, դրանք անցել էին պետության ենթակայության տակ:

Ներկայացնենք նաև հատված ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետությունը» գրքից վերոնշյալ թեմայով:

«Հանրային կրթության ասպարեզում մշակվեցին մի շարք օրենքներ: 1920թ. մարտին խորհրդարանը սկզբունքով հաստատեց դպրոցական հանձնախմբի հետևյալ օրինագիծը եկեղեցական-ծխական դպրոցների աշխարհականացման ու պետականացման մասին:

1. Հոգևոր եկեղեցական-ծխական դպրոցների կայքերն ու գույքերը և նրանց շենքները պետականացվում են, եթե նրանց դպրոցը բացված չլինի այս օրենքի հրատարակման օրը, կամ բացվելուց հետո փակվի և կամ, եթե նա Հայաստանի պետական գանձարանից նպաստ է ստացել:

2. Պետականացվող կայքերն ու գույքերը և նրանց շենքերը հանձնվում են հանրային կրթության և արվեստի նախարարությանը, որը ծառայեցնում է նրանց դպրոցական նպատակների համար:

Ապրիլին ընդունվեց մի ուրիշ օրինագիծ տարրական կրթության մասին.

1. Պետական դպրոցներում տարրական կրթությունը վեցամյա տևողություն ունի, որ բաժանվում է երկու եռամյակների:

2. Տարրական դպրոցներում ավանդվում են հետևյալ առարկաները. հայոց լեզու, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, առողջապահիկ գիտելիքներ, երգեցողություն, նկարչություն, մարմնամարզ և ձեռքի աշխատանք ըստ հանրային կրթության և արվեստի նախարարության մշակված ծրագրի և կազմած դասաբաշխման տախտակի»:

Եթե Հայ եկեղեցու պատմություն առարկան չի եղել 1918-1920թթ., չի եղել 1920-1991, ապա նաև 1991-2002 թվականներին, ապա դա չի նշանակում, որ հիմա ևս կարող է չլինել:

Կրկին. պետք է հասկանալ, թե ինչ խնդիր ենք լուծում և ըստ այդմ առաջնորդվել: Գուցե, իրավամբ, պետք է Հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դասավանդել հանրակրթական դպրոցում: Անհրաժեշտ է շահագրգիռ, առողջ քննարկում, ինչը այս պայմաններում հնարավոր չէ, քանի որ այն դարձել է ներքաղաքական շահարկման խնդիր: Բացի այդ, ակնհայտ է գործող իշխանությունների և Մայր Աթոռի միջև հարաբերությունների լարվածությունը, ինչը ևս տեղ չի թողնում կառուցողական քննարկման համար:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: