8 հուլիս, 2020 10:28

Սպիտակ տունը վերահաստատեց՝ Հայոց ցեղասպանության հարցում վարչակազմի քաղաքականությունը չի փոխվել

ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում փոփոխության չի ենթարկվել․ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն է և ողբերգություն, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին»․ այս մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Սպիտակ տնից։

Հերթական ճեպազրույցներից մեկում Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄաքԷնանին, անդրադառնալով ԱՄՆ-ում հուշարձանների պղծմանը, հիշատակել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը` արտաբերելով Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։

«Թվում է՝ գործ ունենք հասկանալու և պատմական գիտելիքի պակասի հետ, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը»,- ասել է խոսնակը։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, 2019-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Փաստաթղթերի ընդունումից հետո 2020թ․ ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախագահ Թրամփը դարձյալ ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» եզրից՝ գործածելով վերջին տարիներին ավանդական դարձած «Մեծ եղեռնը»։

Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտարարությունը կապել է «լեզվի սայթաքման» հետ․ «Կարծում ենք, որ մամուլի խոսնակի հայտարարությունը լեզվի անհաջող սայթաքում էր․․․Ամեն դեպքում, նման արտահայտություններն անընդունելի են»։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները։

«Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարի վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունը այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից»,- հայտարարել է դեսպանությունը։

Ինչ վերաբերում է ամերիկահայ կազմակերպություններին՝ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս առնչությամբ ասել է․ «Մենք գնահատում ենք, որ վարչակազմը արձանագրել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծման դեպքը և հաստատել պատմական ավելի խորը գիտելիքների անհրաժեշտությունը»։

ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանին։ Վերջինս վկայակոչեց հանձնախմբի հայտարարությունը․ «ՄաքԷնանիի մեկնաբանությունը կարող է դառնալ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման առաջին քայլը»։

ՍիվիլՆեթի հարցադրմանը, թե արդյոք դա խոսնակի լեզվի սայթաքման արդյունք էր, Չուլջյանը արձագանքեց՝ մեջբերելով Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերը․ «ՄաքԷնանին պատասխանում էր՝ ընթերցելով ճեպազրույցների համար պատրաստված ձեռնարկից՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը։ Լիահույս ենք, որ սա Սպիտակ տան կողմից Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը մեղսակցության վերջի սկիզբը կլինի»։

Ստելլա Մեհրաբեկյան