9 հուլիս, 2020 18:00

Աղասի Խանջյանը և Խորհրդային Հայաստանի մյուս 13 առաջնորդները

Հայաստանում և Սփյուռքում գրեթե չեն հիշում կամ չեն ուզում հիշել Խորհրդային Հայաստանի պատմությունը։ Այսօր առիթ կա հիշելու մեր 70 տարիների պատմությունը և առաջնորդներից մեկին՝ Աղասի Խանջյանին, ինչպես նաև մյուս 13-ին, որոնք ղեկավարել են Խորհրդային Հայաստանը։

1936 թվականի այս օրը՝ հուլիսի 9-ին, Թիֆլիսում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքնասպան եղավ 35-ամյա Աղասի Խանջյանը։ Իրականում Խորհրդային Հայաստանի ղեկավարը դարձավ Ստալին-Բերիայի զոհը։ Կա վարկած, որ Խանջյանին իր սենյակում ատրճանակի կրակոցով սպանել է Անդրֆեդերացիայի առաջին քարտուղար Լավրենտի Բերիան։

Աղասի Խանջյանը ծնվել է 1901 թվականին Վանում։

Խորհրդային Հայաստանի առաջին առաջնորդը Սարգիս Կասյանն էր՝ ծնված Շուշիում 1876-ին։ Ղեկավարել է 44 տարեկանում՝ շատ կարճ՝ 1920 թվականի վերջերից մինչև 1921-ի գարուն։ Անձամբ լինելով շատ մարդկանց սպանության հրաման տվողը՝ դարձել է ստալինյան բռնությունների զոհը 1937-ին։

Ի տարբերություն Կասյանի, որը պատմության մեջ հիշվում է որպես Բաքվում ձևավորված Հայհեղկոմի նախագահ և բազմաթիվ հայերի սպանությունների պատասխանատու, 35-ամյա Ալեքսանդր Մյասնիկյանը ավելի շատ դրական կերպարով է հիշվում։ Այսօր մեծ պաստառներով նրա նկարները կարելի է հանդիպել Երևանի փողոցներում՝ «Մեծ հայեր» խորագրի ներքո։

Մյասնիկյանը ծնվել է 1886-ին Նոր Նախիջևանում, Դոնի Ռոստով։ 1925 թվականին դարձել է Թիֆլիս-Սուխում թռիչքի զոհ։ 

Աշոտ Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար է եղել 1921-1927 թվականներին, երբ Հայաստանը հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրֆեդերացիայի կազմում դարձել է ԽՍՀՄ-ի հիմնադիր միավորումներից։ Ծնվել է Շուշիում, 1887-ին, մահացել Երևանում՝ 1972-ին։

Հայկ Հովսեփյանը Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է եղել 1927-1928-ին։ Ծնվել է Կարսում 1891-ին, 1937-ին դարձել ստալինյան բռնությունների զոհ։

Թիֆլիսում 1897-ին ծնված Հայկազ Կոստանյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարել է 1928-1930 թվականներին։ Ամենաերիտասարդ ղեկավարն է եղել՝ 29 տարեկան։ Ստալինյան բռնությունների զոհ է գնացել 1938-ին՝ 41 տարեկանում։

Աղասի Խանջյանին փոխարինել է Գանձակում, այսօր՝ Գյանջա, Ադրբեջան, 1900 թվականին ծնված, 36-ամյա Ամատունի Վարդապետյանը։ 1937-ին ձերբակալվել, իսկ հաջորդ տարի գնդակահարվել է։

Նրան փոխարինել է Վրաստանի Թելավի քաղաքում 1900 թվականին ծնված, Բերիայի շրջապատից 37-ամյա Գրիգոր Արութինովը (Հարությունյան)։ Խորհրդային Հայաստանը ղեկավարել է մինչև 1953 թվականը՝ Ստալինի մահվան տարին։ Արութինովի անունը ևս կապվում է հարյուրավոր հայ զոհերի հետ՝ որպես Ստալին-Բերիայի մեղսակից։ Մահացել է 1957-ին, որտեղ և թաղվել է։

Գորիսի Շինուհայր գյուղում 1909 թվականին ծնված Սուրեն Թովմասյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարել է 1953-1960 թվականներին։ Մահացել է 1980 թվականին Երևանում։

1908 թվականին Արդվինում ծնված Յակով Զարոբյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարել է 1960-1966 թվականներին։ Մահացել է 1980 թվականին Մոսկվայում։

Լոռու Վահագնի գյուղում 1913-ին ծնված Անտոն Քոչինյանը ղեկավարել է 1966-1974-ին։ Մահացել է 1990-ին Երևանում։

Երևանում 1932-ին ծնված Կարեն Դեմիրճյանը եղել է Խորհրդային Հայաստանի ամենաերկարակյաց առաջնորդը՝ 1974-1988թթ․՝ 14 տարի։ 1999-ի հոկտեմբերի 27-ին դարձել է ահաբեկչության զոհ խորհրդարանի շենքում, երբ ԱԺ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։

1939-ին Թբիլիսիում ծնված Սուրեն Հարությունյանը, որը համարվում էր Միխեիլ Գորբաչովի մտերիմը, Հայաստանը ղեկավարել է 1988-1990 թվականներին։ Մահացել է 2019թ․։

Խորհրդային Հայաստանի վերջին առաջնորդը Սպիտակի Շենավան գյուղում 1933-ին ծնված Վլադիմիր Մովսիսյանն էր։ 1990թ․ ապրիլին նա դարձավ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ Հաջորդ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում կոմկուսը, ըստ էության, պարտվեց Հայոց համազգային շարժմանը։ 1990-ի օգոստոսի սկզբին Հայաստանի ղեկավարումը ստանձնեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մովսիսյանը մահացել է 2014-ին Երևանում։

Քանի որ Հայաստանի դե յուրե անկախացումը տեղի է ունեցել 1991-ի սեպտեմբերին, ապա կարելի է Խորհրդային Հայաստանի առաջնորդների շարքում նշել նաև 1945-ին Հալեպում, Սիրիա, ծնված Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի առաջին նախագահին։ Նշենք նաև, որ Խորհրդային Հայաստանը պաշտոնապես Հայաստանի Հանրապետություն է վերանվանվել 1990թ․ օգոստոսի 23-ին ընդունած Անկախության հռչակագրով, որի տակ դրված է Տեր-Պետրոսյանի ստորագրությունը։

Լուսանկարում՝ Աղասի Խանջյանը՝ իր աշխատասենյակում

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: