13 հուլիս, 2020 12:25

ՀԱՊԿ-ն այսօր արտահերթ նիստ կհրավիրի հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել․ այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության առնչությամբ, որին հանգեցրել են հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ զինված բախումները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ սահմանային իրավիճակը քննարկվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցում։