13 հուլիս, 2020 08:33

Հայկական բանակին հրահանգավորված է արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13-ի առավոտյան գրառում է արել․

«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերը։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»։

Ավելի վաղ նա գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,- նշել է Ստեփանյանը։

***

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմից կորուստներ և վիրավորներ չկան։