13 հուլիս, 2020 01:16

Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։

«Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են»,- գրել է խոսնակը։

***

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը: