14 հուլիս, 2020 17:01

ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ․ ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

«Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։

«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»։

***

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992թ․ ի վեր։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։