14 հուլիս, 2020 11:11

Մայր Աթոռը դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու որոշումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անդրադարձը Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առիթով։ 

Հաղորդագրությունում նշված է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով են արձանագրել հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։

Ըստ կաթողիկոսի՝ թուրքական կառավարությունն ընդունել է միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ 

Միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվել են, հաշվի չի առնվել նաև նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։ 

Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների և քույրերի ցավն ու անհանգստությունը։ Միաժամանակ կոչ է անում վերանայել որոշումը։

«Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական և մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաև տարբեր՝ կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին և Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին»,- նշված է հաղորդագրությունում։

Հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն դատական մարմին չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել: Դատարանը վճռել է՝ 1500 տարի առաջ կառուցված Սուրբ Սոֆիան Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ հիմնադրամի տնօրինության տակ է և հանրության համար նախատեսված է եղել իբրև մզկիթ: 

Որոշման հրապարակումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ըստ որի Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը և այն կվերաբացվի պաշտամունքի համար որպես մզկիթ: 

Թեմայի շուրջ ավելին՝ ՍիվիլՆեթի «Թուրքիայի ամփոփումը»