17 հուլիս, 2020 16:25

Այգեպարից նահանջի տեղ չունենք. Սահակյան եղբայրներ

Անուշ Գալստյանը առաջիկա տասն օրերի ընթացքում աղջիկ է լույս աշխարհ բերելու: Նրա որդիներից Գոռը 18 տարեկան է, Գևորգը՝ 15:

Չնայած հրետակոծություններին՝ նա Այգեպարից ոչ մի օր դուրս չի եկել, քանի որ ամուսինը՝ Հրաչյա Սահակյանը, և երկու որդիները, ինչպես շատ այգեպարցիներ, ադրբեջանական ամենասաստիկ կրակոցների օրերին անգամ չեն թողել տները:

Հրաչյա Սահակյանը, որ կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հետ 1990-ից մինչև այսօր կանգնած է Ներքին Կարմիր Աղբյուր-Այգեպար սահմանագծին, զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ: Հրաչյան ցույց տվեց ապաստարանը, որտեղ հավաքվում են ընտանիքի առայժմ 4 անդամներով, երբ սկսվում է հրետակոծությունը:

Եղբայրը՝ Ռոբերտ Սահակյանը, իր ընտանքիով բնակվում է հարևան շենքում: Նա երեք երեխաների հայր է: Անուշը 13 տարեկան է, Աննան՝ 12, իսկ որդին՝ Ռոմանը՝ 5: Այգեպարում բոլորն ունեն իրենց ապաստարանները:

Սահմանին կանգնելուց բացի, Ռոբերտը սիրում է ծառ տնկել, բերք հավաքել և տնական օղի թորել: Այսօր նա թթի օղին էր թորում: Այս տարի 50 լիտր օղի կստանա և կփորձի վաճառել: Անցյալ տարվանից մոտ 20 լիտրը դեռ մնացել է:

Մենք նահանջի տեղ չունենք,- ասում է Ռոբերտը:
Այգեպարը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ամենամոտ գտնվող բնակավայրն է, սահմանակից է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին:

Տավուշ գետի ձախ ափին գտնվող գյուղը հիմնվել է 1930-ական թվականների վերջին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի, հիմնականում՝ Մովսեսի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ական թվականներից, երբ այստեղ կառուցվեցին գինու և պահածոների գործարաններ, բնակչությունը սկսեց ավելանալ:

Քանի որ ավանը շենանում էր, դպրոց կառուցվեց 400 աշակերտների համար: Ամենածաղկուն տարում դպրոցն ունեցավ 177 աշակերտ: Այսօր դպրոցում աշակերտների թիվը չորս տասնյակի սահմաններում է:

1959թ. սկսեց գործել օդանավակայանը, որտեղից թռիչքներ էին իրականացվում դեպի Երևան: Օդանավակայանը գործեց մինչև Խորհրդային Միության փլուզումը:

Գյուղի հարևանությամբ է գտնվում Տավուշի ջրամբարը, որը ոռոգում է Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ, Մովսեսգեղ և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հողատարածությունները:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի