18 հուլիս, 2020 12:06

Ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ․ Արծրուն Հովհաննիսյան

Ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի․ այս մասին հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրած ասուլիսին։

«Բայց դրանից րոպեներ անց Պաշտպանության բանակը, ինչպես գիտեք, հայտարարեց, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)՝ «ORBITER-3» տեսակի»։

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց նաև, որ «ORBITER-3» տեսակի ԱԹՍ-ի բազային տեսակը որպես կանոն լինում է հետախուզական, բայց այն ունի ենթատեսակներ, որոնք ունեն նաև մարտական տեսակ։ Նրա կարծիքով՝ այս դեպքում խոսքը հետախուզական ենթատեսակի մասին է։

«Անզեն աչքով էլ երևում է, որ թե՛ ՀՀ զինված ուժերը և թե՛ Պաշտպանության բանակը ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ների դեմ շատ լավ պայքարում են, և մեր ՕԳԳ-ն հաստատ բարձր է, իրենցը՝ չգիտեմ»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը իրավիճակին տվեց, ինչպես ինքը նշեց, նախնական գնահատական։

«Մեծ հաշվով ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էին սիրում խոսել իրենց նախագահը և պաշտպանության նախարարը ու ոչ միայն իրենք, ըստ էության, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը տենց բարձր մարտունակություն և արդյունավետություն ցույց չի տվել, անգամ «ամենափառապանծ» Հատուկ նշանակության զորքերը»,- ասաց նա։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հայկական կողմի վիրավորներին, նշեց, որ նրանց վիճակը շարունակում է մնալ նույնը։

«Հիմնականում վիրավորներն ունեն դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը նախորդև հայտնել էինք՝ ծայրահեղ ծանր է»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև տեղեկատվական տիրույթում ապատեղեկատվության մասին, հորդորեց զերծ մնալ գնահատականներ տալուց և սպասել պաշտոնական տեղեկություններին։