19 հուլիս, 2020 14:51

Չորաթան. հայը, ադրբեջանցին ու խաղողի այգին

«Մեր Թումանյանը ճիշտ ա ասել՝  մեր ապրուստն ի՞նչ է մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա երկնքից կախված», - ասում է չորաթանցի Հովսեփ պապը: Հովսեփ պապին գյուղում նաև «մալական» են ասում։ Երբ մոլոկանները Չորաթան եկան՝ կաղամբ վաճառելու, Հովսեփ պապը նրանց հետ մտերմանալու համար ինքն էլ մոլոկան ներկայացավ։ Արդյունքում ստացավ նվեր չորս կաղամբ և իր երկրորդ անունը։ 

Գյուղի անվան ծագումն  էլ այլ պատմություն ունի։ Աթան անունով մի որսորդ ներկայիս Չորաթանի անտառներով անցնելիս գտնում է մի հին եկեղեցի և դեպի դա տանող աղբյուրն ու ջրի հետքը։ Եվ քանի որ որսորդը «չոր» էր՝ երեխա ունենալ չէր կարող, գյուղն անվանում են Չորաթան։ 

 

Գյուղի դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը Չորաթանի ծագման այլ վարկածներ էլ գիտի, բայց ամենահավանականը սա է համարում։ Դա պատահական չէ։ Գյուղում պատմվող հումորներից կարելի է ենթադրել, որ սահմանամերձ Չորաթանի բնակիչները, պարբերաբար լինելով ադրբեջանական կրակի տակ, վախից ու լարվածությունից երեխաներ ունենալ չեն կարողանում։

«Մեր գյուղում երեխա միայն դպրոցի տնօրենի կինն է ունենում, որ ամուսինն անգործ չմնա»։ Չորաթանցիներ

Վազգեն Զարգարյանը հինգ երեխա ունի՝ երկու տղա, երեք աղջիկ։ Տղաները ռազմական գործով են հետաքրքրված, ինչը զարմանալի չէ։ Աղջիկներից ամենափոքրը՝ ութնամյա Վիկտորիան, ինքնաշեն «զենք» է պատրաստել՝ պատկերացնելով փամփուշտի անցքերը։ 

Դուք հիմա ժպտում եք, չորաթանցիները նույնպես, բայց այս գյուղում կյանքը հեշտ չէ։ Ճիշտ է՝ Չորաթանի տները Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ չեն, բայց մարդիկ այստեղ իրենց այգիներն ու դաշտերը մշակում են հակառակորդի աչքի առաջ։ 

 

Գյուղի ամենավերջին այգին՝ սահմանին ամենամոտը, Հովսեփ պապինն է։  «Հազար անգամ կրակել են, եղել ա, որ կողքս ա տրաքել, եղել ա, որ  չեմ էլ փախել։ Հիմա էլ առաջվա պես չի, ուժեղ զենքով են խփում։ 21 օրը լրացել է, պիտի սրսկվի այգիս, բայց հիմա էնտեղ գնալը շատ ռիսկային է»։   

Վերջին օրերին հակառակորդի կրակից վնասվեց Չորաթանի ջրատարը։ Տասը հոգով երկու ժամում վերանորոգեցին այն։ Դեպի ջրատար տանող ճանապարհը երկար էր ու դժվար, բայց գյուղացիների կատակները չէին դադարում։

Ծիծաղը պատերազմական նման իրավիճակներում խոսում է այս մարդկանց ուժի, խուճապի չմատնվելու և լավատեսության մասին։ 


Հովսեփ պապի խաղողի այգին սպասում է սրսկմանը, սպասում են նաև Վազգեն Զարգարյանի ու մյուս չորաթանցիների արտերն ու այգիները։ 

 

Չորաթանի այգիներն ընդհանուր սահման ունեն Ադրբեջանի Աղդամ գյուղի հետ։ Հայտնի Ղարադաշ ռազմավարական սարը նույնպես նայում է Չորաթանին։ Մարդիկ այստեղ զբաղվում են անասնապահությամբ, խաղողագործությամբ և հացահատիկի մշակությամբ։ 

Տեքստն ու լուսանկարները՝ Ժաննա Ավագյանի