21 հուլիս, 2020 11:59

Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից․ պատճառը ԱՄՆ Կոնգրեսում ընդունված փաստաթուղթն է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը. այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ամերիկյան ռազմական օգնության հետ կապված Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում: 

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։

«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»,- նշվում է հայկական հանձնախմբի համանախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն: 

«Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտմանառումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը: 

Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, որն ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավունքների խախտումներին: 

«Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին: Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում:

Գեղեցիկ Ոսկանյան