21 հուլիս, 2020 15:50

Ատոմակայանին ուղղված Ադրբեջանի սպառնալիքը ուղղված է սեփական ժողովրդի դեմ․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել France 24 լրատվամիջոցին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակին։

Մնացականյանը նշել  է, որ այն  ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

«Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»:

Հարցին, թե որն է Հայաստանի արձագանքը Ադրբեջանի այն հայտարարություններին, որ մարտական գործողությունները սկսել է հայկական կողմը և որ Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ արտաքին գործերի նախարարը պատասխանել է․

«Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ատոմակայանին ուղղված սպառնալիքներին, կարծում եմ, որ սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»:

Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Նա նշել է, որ պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ 

«Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա»:

Հարցին, թե արդյոք կա՞ մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով՝ Մնացականյանը պատասխանել է, որ այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: 

«Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին: 

Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ»:

Լրագրողի հարցին, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է․

«Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»։