21 հուլիս, 2020 12:29

Հայաստանի «կիսաէլեկտրոնային» առևտուրը

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում բազմաթիվ երկրներում էլեկտրոնային առևտուրը բում է ապրել։ Հայաստանում, սակայն, էլեկտրոնային առևտուրը կաղում է, հատկապես արտահանողների համար՝ ժամանակատար բարդ փաստաթղթավորման, օրենսդրական ու բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Այդ մասին են վկայում էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչներին ՍիվիլՆեթի արած հարցումները:

Ոլորտում աշխատող գործարարները և ծառայություններ մատուցողները մատնանշում են մի քանի հիմնարար խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում և հնարավորինս բարդացնում են էլետրոնային առևտուրը՝ հատկապես Հայաստանից արտահանում կազմակերպելիս:

Ժամանակատար փաստաթղթային ձևակերպումներ, որոնք անելու համար ընկերությունը պետք է հավելյալ աշխատող վարձի:

Խաղի կանոնների և օրենքների ոչ հստակություն, ինչը ստիպում է ընկերություններին փաստաթղթավորման գործընթացում օգտվել մաքսային բրոկերների ծառայություններից, որը ծախսատար է:
Հայասանում դրամական փոխանցումների PayPal վճարահաշվարկային համակարգի թերի աշխատանքը, որը կրկին խնդիրներ է ստեղծում ընկերությունների համար:

Իրավական դաշտը և էլեկտրոնային առևտուրը

Երկու կողմից շրջափակված ու արտահանման զարգացումը գերակա ուղղություն հայտարարած Հայաստանում չկա առանձին օրենք էլեկտրոնային առևտրի մասին: Սա այն պարագույմ, երբ աշխարհում համացանցի հնարավորությունների զարգացմանը զուգահեռ բուռն զարգանում է առցանց աևտուրը: 

Հայաստանում էլեկտրոնային առևտուրն իրավական կարգավորումների դաշտ է տեղափոխվել 2016-ին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով, երբ սահմանվեցին իրավական նոր կարգավորումներ: 

Հատկանշական է, որ իրավական կարգավորումները մշակվել են՝ առանց հաշվարկելու ոլորտի ներուժն ու զարգացման միտումները: ՊԵԿ-ից, ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ չեն տիրապետում տվյալների Հայաստանից արտասահման ուղարկվող փոստային առաքանիների քանակի մասին: Ի դեպ, էլեկտրոնային առևտրով պատվերները հիմնականում տեղ են հասցվում փոստային տարբեր ծառայությունների միջոցով: Հայաստանի պարագայում՝ հիմնականում «Հայփոստի», ինչպես նաև «Ֆեդեքս» և DHL արագ առաքման ծառայությունների միջոցով:

Հատկանշական է՝ ՊԵԿ-ը տիրապետում է հստակ տվյալների Հայաստան մտնող փոստային առաքանիների մասին, ինչը գուցե պայմանավորված է մաքսազերծման ընթացակարգերով: 

Էլեկտրոնային գլոբալ առևտրի մասին

Էլեկտրոնային առևտուրը՝ e-commerce-ը, ապրանքերի առք և վաճառք է համացանցի միջոցով, որում կան մի քանի գերիշխող տարբերակներ: Դրանք են B2B` բիզնես-բիզնես, B2C` բիզնես-սպառող և C2C` սպառող-սպառող էլեկտրոնային առևտրի տեսակները:

Համաձայն տարբեր գնահատականների` աշխարհում համացանցից օգտվողների ավելի քան 40 տոկոսը երբևէ օգտվել է առցանց առևտրից կամ որևէ ապրանք է գնել էլեկտրոնային առևտրի միջոցով: 2019-ին e-commerce-ի շուկայի ծավալը, համաձայն Internet Retailer-ի հետազոտության, հասել է 3,5 տրիլիոն դոլարի: 2016-ից սկսած շուկան աճում է տարեկան միջինը 20 տոկոսով:

Շատերին են ծանոթ էլեկտրոնային առևտրի հարթակներ Ամազոնը, Ալիբաբան, որոնք մատուցում են բիզնես-սպառող B2C առևտրային ծառայություններ, իսկ բոլորին հայտնի eBay-ը սպառող-սպառող` C2C էլեկտրոնային հարթակ է: Այն հնարավորություն է տալիս կատարել առևտուր սակարկությունների միջոցով:

Բյուրոկրատական քաշքշուկներ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում սաղմնային վիճակում է, մարդիկ հաճախ կասկածամտորեն են վերաբերվում այդ հնարավորությանը, իսկ բյորոկրատական քաշքշուկներն ու լոգիստիկ սահմանափակումները ավելացնում են ոլորտում աշխատող ընկերություների հոգսերը:

Եթե Հայաստանում գրանցված իրավաբանական անձը որոշում է զբաղվել էլեկտրոնային առևտրով, միանգամից բախվում է մի քանի խնդրի: Դրանք են բարդ ու ժամանակատար փաստաթղթաբանութունը և ծախսերը:

IT Reports հաշվապահական ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Նիկողոսյանը ՀՀ-ում որպես էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիր մատնանշում է ամենատարածված PayPal վճարահաշվարկային համակարգի ոչ լիարժեք աշխատանքը, մաքսային ձևակերպումների բարդությունը:

«PayPal համակարգը Հայաստանում լիարժեք չի գործում, որը խանգարում է ոլորտի զարգացմանը: Այդ համակարգով Հայաստանից հնարավոր է վճարումներ կատարել՝ արտասահմանից ապրանքներ պատվիրելու համար, սակայն ՀՀ-ից ապրանք արտահանելիս դա հնարավոր չէ: Հայաստացիները ստիպված Վրաստանում են գրանցվում PayPal համակարգում, այնուհետև ՀՀ-ում գրնացվում են որպես ֆիզիկական անձ ու դրանք փորձում ինտեգրել իրար, որպեսզի PayPal համակարգով կատարվող վճարումները կարողնանան փոխանցել իրենց հաշվեհամարին: Սա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է հատապես փոքր և միջին բիզնեսի համար»,- նշում է Նիկողոսյանը:

Մյուս խնդիրը մաքսային ձևակերպումներն են, որոնք, նրա բնորոշմամբ, շատ բարդ են:

Եթե Հայաստանում մեկը որոշում է էլեկտրոնային ձևով ապրանք արտահանել, որի արժեքը գերազանցում է 200 եվրոն, ապա պետք է մաքսային հայտարարագիր ներկայացնի: Այն իրականացվում է բրոկերական ընկերությունների միջոցով, իսկ ծառայության նազագույն արժեքը 20 000 դրամ է: Մաքսային ծառայություն ներկայացնելիս ևս 4 200 դրամ գանձվում է յուրաքանչյուր հայտարարագրի համար՝ որպես մաքսային ձևակերպման վճար:

«Այսինքն, պայմանական 201 եվրո արժողությամբ ապրանք արտահանելիս, ընկերությունը ստիպված է շուրջ 60 դոլար գումար ծախսել, ինչը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքն ու գլոբալ շուկայում իջեցնում դրա մրցունակությունը: Ու այս գործընթացը և վճարումները կատարվում են արտասահմանից յուրաքանչյուր պատվերով արտահանում իրականացնելիս», - նշում է Նիկողոսյանը:

Մինչև 200 եվրո արժողությամբ ապրանքների դեպքում հայտարարագիր չի պահանջվում, մեզ հետ զրույցում նկատում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն մատուցող ONEX ընկերության համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը՝ նկատելով, որ տարսկզբին մինչև 200 եվրո շեմը համարվեց ապօրինի, որի պատճառով շատ գործարարներ տուժեցին:

«Որոշ ժամանակ անց Մաքսային ծառայությունը հայտարարեց, որ մինչև 200 եվրո շեմն օրինական է, և որպես հայտարարագիր է ընդունում արտահանում իրականացնելիս «Հայփոստի» տված փաստաթուղթը»,- հիշում է նա:

«Միայն հայտարարվում է, որ մինչև 200 եվրո շեմն օրինական է, սակայն ոչ մի իրավական հիմք չի ներկայացվում»,- հավելում է Դավիթ Նիկողոսյանը՝ նկատելով, որ իրենց ընկերութունը դիմել է ՊԵԿ-ին մինչև 200 եվրո շեմի իրավական հիմքը ստանալու համար, սակայն ոչ մի արդյունք:

Էլետրոնային առևտրի զարգացման մյուս խոչընդոտներից են լոգիստիկ խնդիրները: Բեռնատար օդանավերն ԱՄՆ-ից Հայաստան չեն ժամանում: «Դրանք գալիս են Վրաստան, մենք այնտեղից արդեն ցամաքային ճանապարհով ներմուծում ենք պատվիրված ապրանքները»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Արտահանումները, քանի որ դրանց ծավալը փոքր է, կազմակերպում էին մարդատար ինքնաթիռներով, որոնք այժմ, համավարակով պայմանավորված, չեն ժամանում Հայաստան: Արդեն չորս ամիս է՝ ՀՀ-ից ԱՄՆ ապրանք չեն արտահանել: Մինչ այդ, շաբաթական 100-150 կգ ապրանք էին ուղարկում:

IT-ն ավելի ծանր վիճակում է

Բյուրոկրատական քաշքշուկներն ավելի են երկարաձգվում, երբ խոսքը ՏՏ ոլորտին վերաբերող և իր մեջ bluetooth ֆունկցիա պարունակող ապրանքների արտահանման մասին է:

«Այս դեպքում հայտարարագրին գումարվում է ԱԱԾ-ի թույլտվությունը, որի ստացումը կարող է տևել մինչև 20 օր և յուրաքանչյուր թյույլտվության համար վճարվում է 1 000 դրամ պետական տուրք: ԱԱԾ դիմելու փաթեթը կազմելը ևս հեշտ չէ. վճարովի ծառայություն է: Կան մի քանի կազմակերպություններ, որ նման ծառայություն են մատուցում, և այն արժե 10-15 հազար դրամ: Փաթեթը կազմվում է ռուսերեն, թույլտվությունն էլ տալիս են ռուսերեն, իսկ փաստաթղթի անունը «справка» է, ու կապ չունի՝ ուր ես արտահանում: Այդ փաստաթուղը, հայտարարագրի ու այլ փաստաթղթերի հետ ներկայացնում ենք մաքսային ծառայություն՝ ապրանքն արտահանելիս»,- նշում է տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր Ազատ Թովմասյանը, որի ընկերությունն արտահանում է Volterman «խելացի դրամապանակը»:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ՏՏ ոլորտին վերաբերող ապրանքներ արտահանելիս անհրաժեշտ է մաքսային ծառայությանը ներկայացնել 25 անուն փաստաթուղթ:

«Հայտարարագիր, ԱԱԾ-ի թույլտվություն, ապրանքի երկակի և ռազմական նշանակություն չունենալու մասին փաստաթղթեր և այլն: Իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ մաքսային ծառայությունն ապրանքն արտահանելիս պահանջում է գնորդի և վաճառողի միջև առևտրի համաձայնության փաստ՝ պայմանագիր: Հաշիվ-ապրանքագիրը չի ընդունվում, ասում են՝ գոնե էլեկտրոնային գրագրություն ներկայացրեք գնորդի և վաճառողի միջև: Այսինքն՝ բոլոր գնորդների հետ առանձին-առանձին պետք է ունենաս գրագրություն: Պատկերացրեք՝ նման պահանջ դնի ԱՄՆ-ը Ամազոնի պարագայում»,- նշում է մեր զրուցակիցը:

Ազատ Թովմասյանի նկարագրածից ստացվում է, որ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը կիսով չափ է էլեկտորնային և ամբողջական թվայնացումից հեռու է:

«Մաքսային ծառայության կայքէջում մուտքագրվում է ընկերության հավաքած փաստաթղթերի որոշ մասի էլեկտրոնային տարբերակը, հետո ստանում ես այդ մուտքագրումը հավաստող փաստաթղութ, որը պետք է տպես ու էն 25 փաստաթղթերի հետ ներկայացնես մաքսային ծառայություն»,- նշում է Ազատ Թովմասյանը՝ հավելելով, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում միայն «անունով է էլեկտրոնային»:

Իսկ եթե արտահանված ապրանքը որևէ պատճառով չի հասնում հասցեատիրոջը և հետ է վերադառնում, ապա այն հետ վերցնելու համար արտահանողը պետք է հավաքի ու ներկայացնի նույն փաստաթղթերի տրցակը, նկատում է Թովմասյանը:

Մյուս խնդիրը, որ խանգարում է էլեկտրոնային առևտրին, ապրանքների բացառապես դրամային արժեքի ֆիքսումն է առևտրի առցանց հարթակներում:

«Օրենքով, իրավունք չունես ապրանքի գինը նշել այլ արտարժույթով: Կարող ես միայն առցանց հաշվիչ դնել, որ արտարժույթով ցույց տա ապրանքի գինը, սակայն հենց գնորդը բացում է բանկի էլեկտրոնային պատուհանը, որ վճարում կատարի, ապրանքի արժեքը ցուցադրվում է միայն դրամով, որը Կանադայում կամ ԱՄՆ-ում բնակվողի համար շփոթմունք կարող է առաջացնել։ Արդունքում այդ գնումն ուղղակի կարող է չկատարել»,- նկատում է նա:

Ո՞րն է լուծումը

Փաստաթղթաբանության դյուրացումը, օրենսդրության հստակեցումն ու գործընթացի ամբողջական թվայնացումը, նշում են ոլորտում աշխատող ընկերությունները:

«Օրենսդրական դաշտը պետք է հնարավորինս հստակեցնել և միկրոձեռնարկությունների համար սահմանել ամսական արտահանման նվազագույն ծավալ, ասենք՝ 2 մլն դրամ, որը հայտարարագրման ենթակա չէ, կամ բրոկերական կազմակերպությունների միջոցով հատուկ հայտարարագիր պետք չէ կազմել»,- նկատում է IT Reports հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Նիկողոսյանը:

ՊԵԿ-ը պարզապես պետք է ոլորտում ներգրավված ձեռնարկությունների հետ աշխատի ու բյուրոկրատական քաշքշուկները վերացնի՝ ոլորտը հասցնելով իսկապես էլեկտորնային առևտի կանոններին, նշում է Ազատ Թովմասյանն ու նկատում. «Տպավորություն է, որ ոլորտի կարգավորման համար հարկային վարչարարության նոր գործիքներ ավելացնում են, իսկ հնից մնացած խանգարողները չեն վերացնում»:

Նա Խնդրի լուծման իր բանաձևն է առաջարկում. «ՀԴՄ-ների համակարգի նման ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային առևտրով զբաղվող ըներություններին գրանցի, միանա կայքերին և ուղիղ ռեժիմով հետևի առևտրի ցանկացած շարժի, որից հարկային պարտավորություններ կգեներացվեն: Ոչ թե յուրաքանչյուր արտահանվող ապրանքի համար պահանջի փաստաթղթերի տրցակ»։

Արշալույս Մղդեսյան