21 հուլիս, 2020 15:08

Օքսֆորդի համալսարանի կորոնավիրուսային պատվաստանյութը առաջացնում է իմունային պատասխան. BBC

BBC-ի առողջապահական և գիտական թեմաներով սյունակագիր Ջեյմս Գալահերն իր հոդվածում գրում է, որ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը ամենայն հավանականությամբ անվտանգ է և առաջացնում է իմունային պատասխան: Հոդվածը թարգմանաբար և կարճ՝ ստորև։

Ինչպե՞ս է պատվաստանյութն աշխատում

ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը մշակվում է աննախադեպ արագությամբ: Այն պատրաստված է գենետիկորեն մշակված վիրուսից, որը շիմպանզեների մոտ առաջացնում է սովորական մրսածություն: Այն խիստ փոփոխության է ենթարկվել՝ նախևառաջ մարդկանց մոտ վարակի պատճառ չդառնալու և կորոնավիրուսին ավելի նմանեցվելու նպատակով։

Պատվաստանյութը հնարավորինս նմանեցված է կորոնավիրուսին, և իմունային համակարգը կարող է սովորել՝ ինչպես հարձակվել դրա վրա:

Ի՞նչ է հակամարմինը և T-բջիջը

Հակամարմինները իմունային համակարգի կողմից արտադրվող փոքրիկ սպիտակուցներ են, որոնք կպչում են վիրուսների մակերեսին: Այդ չեզոքացնող հակամարմինները կարող են շարքից հանել կորոնավիրուսը:

T- բջիջները արյան սպիտակ բջիջների տեսակ են, որոնք օգնում են համակարգել իմունային համակարգը, ունակ են նկատել, թե մարմնի բջիջներից որն է վարակվել, և ոչնչացնել դրանք:

Գրեթե բոլոր արդյունավետ պատվաստանյութերը առաջացնում են ինչպես հակամարմիններ, այնպես էլ T- բջիջների կողմից պատասխան:

Փորձարկումները ցույց են տվել, որ T-բջիջների մակարդակը իր գագաթնակետին է հասնում պատվաստանյութի ներարկումից 14 օր անց, իսկ հակամարմինների մակարդակը՝ 28 օր անց: Ուսումնասիրությունը դեռ բավականաչափ երկար չէ՝ հասկանալու, թե որքան ժամանակ կարող են պահպանվել այդ բարձր մակարդակները։ 

Ապահո՞վ է պատվաստանյութը

Պատվաստանյութը ստացածների շրջանում ոչ մի վտանգավոր կողմնակի ազդեցություն չի նկատվել, այնուամենայնիվ, մասնակիցների 70 տոկոսի մոտ նկատվել է ջերմություն կամ գլխացավ: 
Որո՞նք են փորձարկումների հաջորդ քայլերը։

Արդյունքները առայժմ խոստումնալից են, բայց նրանց հիմնական նպատակը պատվաստանյութի՝ մարդկանց համար անվտանգ լինելն է։

Ավելի քան 10 000 մարդ կմասնակցի Մեծ Բրիտանիայում անցկացվող փորձարկումների հաջորդ փուլին: Կլինի նաև լայնամասշտաբ փորձարկում, որին կմասնակցի 30 000 մարդ ԱՄՆ-ում, ինչպես նաև 2 000-ը ՝ Հարավային Աֆրիկայում և 5 000-ը ՝ Բրազիլիայում:

Ե՞րբ կունենանք պատվաստանյութը

Հնարավոր է, որ մինչև տարեվերջ կունենանք հաստատված արդյունավետ պատվաստանյութ, սակայն այն սկզբնական շրջանում լայնորեն հասանելի չի լինի:

Առաջնահերթություն կտրվի առողջապահության և խնամքի ոլորտում աշխատողներին և բարձր ռիսկային խմբում գտնվողներին։

Այնուամենայնիվ, լայնածավալ պատվաստումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հաջորդ տարի։
Ընդհանուր առմամբ, այժմ աշխարհում կլինիկական փորձարկումների փուլում է գտնվում կորոնավիրուսային 23 պատվաստանյութ, ևս 140-ը` մշակման վաղ փուլում են: 

COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստացման լուր՝ կրկին Բրիտանիայից

Օքսֆորդի համալսարանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին լուրերի ստացման նույն օրը մեկ այլ լուր է ստացվել վարակի դեմ հնարավոր դեղամիջոցի մասին։ Synairgen բրիտանական բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ շուտով կներկայացնի ուսումնասիրությունների արդյունքներ, համաձայն որոնց՝ «Ինտերֆերոն բետա» ինհալացիոն դեղամիջոցը արդյունավետ է։

100 հոգու մասնակցությամբ փորձարկման ժամանակ դեղամիջոցը տրվել է կորոնավիրուսով հիվանդների․ այն էապես նվազեցրել է անձանց թիվը, որոնք հետո անցել են ինտենսիվ թերապիայի։ Թոքերի օդափոխության կարիքը կրճատվել է 79 տոկոսով, 2-3 անգամ աճել է հիվանդների ապաքինման հավանականությունը։

Դիտորդները կոչ են արել զգուշությամբ վերաբերվել արդյունքներին, քանի որ Synairgen-ը տեղեկատվություն չի հրապարակել իր հետազոտությունների անցկացման մասին։

 

Զառա Պողոսյան