23 հուլիս, 2020 13:03

Ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է այնպիսի հայտարարություններ անեն, որոնք կողմերին խրախուսում են հաստատել խաղաղություն, դադարեցնել կրակը»,- ասել է Գրուշկոն և ավելացրել, որ իրավիճակի  կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից։

Ինչպես ընդգծել է ՌԴ պաշտոնյան՝ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ այն ամենը, ինչը նախկինում մշակվել էր միջազգային հանրության կողմից ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: 

«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի այն առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում՝ առաջին հերթին ՌԴ-ի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները մոտեցնելու գործում»,- նկատել է Գրուշկոն:

Նրա խոսքով՝ այս հակամարտության լուծումը թույլ կտա էապես առողջացնել իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև։

«Կոչ ենք անում բոլորին նույնանման դիրքորոշում որդեգրել, հատկապես Մինսկի խմբի երկրներին»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

***

Հայ-ադրբեջանական լարվածության շրջանում Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը առաջին անգամ չէ, որ անդրադարձել է Մինսկի խմբի անդամ երկրների՝ ղարաբաղյան հարցում դիրքորոշմանը։ Ռուսաստանն առաջին հերթին նկատի ունի Թուրքիային, որը հայ-ադրբեջանական վերջին լարվածության ընթացքում հանդես է եկել կոշտ, միակողմանի հայտարարություններով։ Մասնավորապես, ՌԴ մեկ այլ փոխարտգործնախարար՝ Անդրեյ Ռուդենկոն, հայտարարել է․ «Այս առումով շատ կարևոր է Մինսկի խմբի անդամ պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը միավորում է ավելի մեծ թվով պետություններ, քան միայն երեք համանախագահները: Այդ երկրները, որոնք շրջապատում են և սահմաններ ունեն այս տարածաշրջանի հետ, պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, այդ թվում՝ հանրային հռետորաբանության մեջ»։

Ավելի վաղ հայ-ադրբեջանական հուլիսյան լարվածության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Գեղեցիկ Ոսկանյան