24 հուլիս, 2020 16:43

ԱԳՆ-ն դատապարտում է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը

Աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերը, և հարձակումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից․ այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:

Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։