24 հուլիս, 2020 11:10

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում շեշտել է զսպված մոտեցումների կարևորությունը հայ-ադրբեջանական լարվածության հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 23-ի ճեպազրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության թուլացման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին հարցերի։ Զախարովան մեկնաբանել է նաև հարցադրումը, թե Ադրբեջանը անբավարար է գնահատում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և առաջարկում է փոխել մեթոդաբանությունը, ինչպես նաև հրավիրել Մինսկի խմբի ընդլայնված կազմով նիստ՝ 11 պետությունների մասնակցությամբ։

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, սակայն լարվածությունը պահպանվում է։ Հետագա սրացումը կանխելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում որպես համանախագներից մեկը, ինչպես նաև ինքնուրույն, հստակ քայլեր ենք ձեռնարկում։ 

Անցյալ շաբաթ հակամարտության գոտում իրավիճակը դիտարկվել է Մինսկի խմբի նիստում, իսկ այնուհետև՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ կազմակերպության բոլոր մասնակիցների ներկայությամբ»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով վերջին օրերին Մոսկվայի նախաձեռնությամբ հակամարտող կողմերի հետ տարբեր մակարդակներով շփումներն ու քննարկումները։

Ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում․ ՌԴ ԱԳՆ

«Երևանն ու Բաքուն հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք միտված են զինադադարի ամրապնդմանն ու բանակցային գործընթացի ակտիվացմանը։ Քննարկում ենք դրանք կողմերի հետ։ Ակնկալում ենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կլինի մշակել համալիր հարցերը, որոնք կապված են հակամարտության կարգավորման հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ 

Հուլիսի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Անդրկովկասում իրավիճակի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության առնչությամբ ռուսաստանյան կողմից շեշտվել է հավասարակշռված մոտեցումների ու հակամարտության կողմերի վրա զսպիչ ազդեցության գործադրման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։