24 հուլիս, 2020 15:00

Սկսել համագործակցություն Ջողասի ջրամբարի շուրջ, Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է Միջազգային ճգնաժամային խումբը

Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների մասին, որը վերնագրված է «Արյունալի հնձի կանխումը հայ-ադրբեջանական պետական սահմանին» (Preventing a Bloody Harvest on the Armenia-Azerbaijan State Border):

Զեկույցը ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ իրավիճակը, մանրամասն անդրադառնում երկու կողմերի սահմանային գյուղերի խնդիրներին, նաև՝ այս և հարակից շրջաններով անցնող ռազմավարական կոմունիկացիաներին։

Ճգնաժամային խումբը նշում է, որ հայ-ադրբեջանական սահմանային սրացումների օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատեց 16 տարի պաշտոնավարած իր արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում երկրի գլխավոր բանագնացին, և նրան մեղադրեց «անօգուտ բանակցություններ» վարելու մեջ, որը «Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը թույլ է տվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի օգնի նրա բնակիչներին հաղթահարելու համավարակը»:  

Զեկույցն ընդգծում է Տավուշի և Թովուզի շրջանների ռազմավարական կարևորությունը երկու երկրների համար։

«Երկու կողմերը նաև մտահոգված են, որ սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կարող են վնաս հասցնել ռազմավարական ճանապարհներին, երկաթուղիներին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Սահմանի ադրբեջանական կողմի երկանքով է անցնում ավտոմոբիլային մայրուղի և երկաթգիծ, որը կապում է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։ 692-կիլոմետրանոց Հարավկովկասյան խողովակաշարը, որը ադրբեջանական Շահդենիզի հանքավայրից բնական գազը տեղափոխում է վրաց-թուրքական սահմանի մոտ, գտնվում է Ադրբեջանի սահմանամերձ Աղստաֆա և Թովուզ շրջաններից մոտ 15 կմ հեռավորության վրա: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան 1 768 կմ երկարությամբ նավթամուղը նույնպես անցնում է Աղստաֆայով և Թովուզով՝ Ադրբեջանից նավթը հասցնելով Վրաստան և Թուրքիա: Հայկական կողմից Տավուշի հյուսիսային մասով անցնում է գլխավոր ավտոմայրուղին և երկաթուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի այլ մասերի հետ։ Այստեղով է անցնում նաև ռուսական գազատարը, որով գազը մտնում է Հայաստան»:

Հուլիսի 16-ին, աճող լարվածության ֆոնին, Ադրբեջանցի ՊՆ-ի խոսնակի պարծենկոտ հայտարարությունը, թե իրենց նոր հրթիռային համակարգը բավարար հեռահարություն ունի Հայկական ատոմակայանին հասնելու համար, ընդգծում էր ինչպես կրիտիկական ենթակառուցվածքի ռազմավարական կարևորությունը, այնպես էլ հետագա էսկալացիայի սահմանափակումը: «Այն բանից հետո, երբ այդ սպառնալիքը հայտնվեց միջազգային թերթերի գլխագրերում և զայրույթ հարուցեց Երևանում, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նահանջեց իր նախնական հայտարարությունից՝ ասելով, թե Ադրբեջանը որևէ քաղաքականություն չունի թիրախավորելու ռազմավարական օբյեկտները»։

Սահմանամերձ գյուղերում իրականացվող ծրագրերի մասին

Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն ձգտում են խթանել սահմանամերձ գյուղերի զարգացումը՝ զսպելու այնտեղից արտագաղթը։ Ադրբեջանում վերանորոգվել են ճանապարհները, ավելացել է փոքր բիզնեսի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, կատարվել են ոռոգման աշխատանքներ, իսկ որոշ գյուղերի տրվել է հատուկ կարգավիճակ, որը բնակիչներին իրավունք է տալիս գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդիաներ ստանալ:

Հայաստանի կառավարությունը ևս սուբսիդավորել է բնակիչների էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի ծախսերը, և 2015 թվականից ի վեր տարեկան մոտ 40 դոլար է ծախսում այդ շրջանում մեկ մարդու հաշվով։ Երևանը նաև չեղյալ է հայտարարել բիզնեսի համար երկու հարկատեսակ, որպեսզի ներդրողներ ներգրավի այդ շրջանում, և դիտարկում է ավելի շատ հարկային արտոնությունների հնարավորությունը: 

Բայց այս քաղաքականությունը տարածաշրջանում չի հանգեցրել ո՛չ ներդրումների ավելացմանը, ո՛չ էլ արտագաղթի դանդաղեցմանը։ Այն քիչ գումարը, որ մտնում է այս շրջան, ստացվում է հայկական սփյուռքից, որը միջոցներ է նվիրաբերում բժշկական հաստատությունների և դպրոցների համար: Մի քանի գյուղերում հայ հայրենադարձները փոքր ձեռնարկություններ են բացել, որտեղ աշխատում են տեղի կանայք։ «Խոսքն ավելի շուտ բարեգործության մասին է, քան իրական բիզնեսի»,- Ճգնաժամային խմբին ասել է այդ ձեռնարկություններից մեկի մենեջերը։

Համաճարակից ավելի բարդացող տնտեսական իրավիճակի մասին

ԿՈՎԻԴ-19 համաճարակի տնտեսական հետևանքները միայն կխորացնեն իրավիճակը։ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում, որոնց բաժին է ընկնում երկրի գյուղատնտեսական արտադրության մոտ 7 տոկոսը, ներառյալ կարտոֆիլի բերքի 35 տոկոսը, տեղի բնակիչները բյուրոկրատական քաշքշուկների են բախվում լոկդաունների ժամանակ աշխատանքի շարունակման թույլտվություն ստանալիս, և նրանց արտադրանքը փտում է: Շատերն էլ վարելահողեր չունեն, որ մշակեն: Նավթի գների անկումը նույնպես խիստ հարվածել է Ադրբեջանին. դա, հավանաբար, կհանգեցնի գործազրկության աճի և սահմանամերձ շրջաններին բյուջետային հատկացումների կրճատման:

Հայաստանում, որը հետխորհրդային երկրների շարքում, ըստ երևույթին, ամենից շատն է տուժել կորոնավիրուսից մեկ շնչի հաշվով՝ ընդհանուր ավելի քան 35 000 հաստատված դեպքերով, նույնպես տնտեսական անկում է սպասվում: Դրսից եկող դրամական փոխանցումները, որ կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը և Ադրբեջանում մոտ 3%-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն: Տնտեսական ճնշումը ֆերմերներին կարող է ստիպել վերադառնալ վտանգավոր գյուղատնտեսական հողերին՝ չնայած բազմաթիվ ոլորտներում անվտանգության բացակայությանը:

Ճգնաժամային խումբը խորհուրդ է տալիս սկսել համագործակցություն Ջողասի ջրամբարի շուրջ

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը մանրամասն անդրադառնում է նաև սահմանային գյուղերում ջրի սակավության խնդրին և կողմերին հորդորում գոնե ջրի հարցով հաստատել որոշակի համագործակցություն։

Տարածաշրջանում ջրամատակարարման խնդրի նկատմամբ ավելի ռազմավարական մոտեցումը ի վերջո օգտակար կլինի։ Կողմերից ոչ մեկը չի կարող լուծել ջրամատակարարման խնդիրները առանց մյուսի: Թեև տասնամյակների լարվածությունը խոչընդոտել է անդրսահմանային համագործակցությունը, նախնական որոշ քայլեր կարող են ծառայել երկու երկրների շահերին։ Դրանցից մեկը կարող է լինել Ջողասի ջրամբարի օգտագործման վերսկսումը։ 1970-ականների սկզբին կառուցված ջրամբարը ժամանակին ջուր էր մատակարարում հայկական և ադրբեջանական մոտ 30 գյուղերի։

Այժմ այն ծառայում է միայն մի քանի մոտակա տնային տնտեսությունների: Ափի երկայնքով խրամատներ են, և ամբարտակի մոտ զինվորները դեմդիմաց են ընդամենը մետրերի հեռավորության վրա։ Հարևան հայկական և ադրբեջանական գյուղերի ջրամատակարարման վերականգնման համար անհրաժեշտ է վերանորոգել Ջողասի երեք լքված պոմպակայանները։ Սակայն ինժեներական աշխատանքներն անհնար են առանց երկու կողմերի հստակ, մանրամասն համաձայնության և հանձնառության։  

Բուն Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումներից դուրս նման սահմանափակ տեխնիկական բանակցությունները հնարավոր կարող են լինել երկու երկրների ղեկավարության հավանությամբ միայն։ Անկախ միջազգային դերակատարը, ինչպես, օրինակ, Կարմիր խաչը, կարող է օգնել թեթևացնել տեղական ներկայացուցիչների և անվտանգության աշխատակիցների միջև սահմանափակ քննարկումները`փոխադարձ օգուտ ներկայացնող կոնկրետ ջրային ենթակառուցվածքի վերանորոգման շուրջ: Նման համագործակցությունը կարող է հետագայում տարածվել սահմանի այլ շրջաններում ևս, որտեղ ջրի բաշխման համակարգերը վթարային վիճակում են և շարունակում են անհասանելի մնալ կանոնավոր տեխնիկական սպասարկման համար՝ ականապատ տարածքների կամ խրամատների պատճառով:

Սա կլինի նաև վստահության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է ամրապնդել խաղաղ գործընթացը և հանգստացնել սահմանամերձ շրջանների բնակիչներին: «Եթե ինչ-որ մեկը սկսի ջուր բերել մյուս կողմից, ապա ուղերձը հստակ կլինի՝ մենք այլևս մտադիր չենք պատերազմել ձեզ հետ»,- ասել է Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ 80-ամյա Ահմեդը:

Գեղեցիկ Ոսկանյան