27 հուլիս, 2020 14:29

Ադրբեջանի ժողովրդավարացումը մեծացնելու է նոր պատերազմի հավանականությունը

Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի է ունենում հերթական էսկալացիան, Հայաստանում ակտիվ քննարկումներ են սկսվում խաղաղության և պատերազմի վերաբերյալ: Այդ քննարկումների մեջ հաճախ հնչեցվող տեսակետներից մեկը այն է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման համար գլխավոր նախապայմաններից մեկը Ադրբեջանի ժողովրդավարացումն է: Ըստ այս տեսակետի` եթե Ալիևի ավտորիտար ռեժիմը տապալվի, և Ադրբեջանում ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձևավորվի, Բաքուն ավելի կառուցողական և խաղաղասեր դիրքորոշում կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Հուլիսյան մարտերի ժամանակ ևս ականատես եղանք նմանատիպ քննարկումների և կարծիքների: Մասնավորապես, հայտնի երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերից մեկում գրել էր. «Ադրբեջանն ամեն ինչ է՝ բացի ժողովրդավարությունից: Մենք երբեք խաղաղություն չենք ունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ Ադրբեջանի ժողովուրդը նորմալ ղեկավարներ ու իր ճակատագիրը որոշելու հարցում խոսքի իրավունք չունի: Ժամանակն է, որ Ադրբեջանում էլ խաղաղ հեղափոխություն լինի, ինչպիսին էր 2018-ին Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որպեսզի այնտեղ խելամիտ ղեկավարներ ու հուսով ենք՝ նաև խաղաղություն լինի»:

Այս մոտեցումը քաղաքագիտական գրականության մեջ հայտնի է որպես ժողովրդավարական խաղաղության տեսություն: Տեսության գլխավոր թեզը այն է, որ ժողովրդավարական պետությունները պատերազմներ չեն սկսում միմյանց դեմ: Այս երևույթի պատճառները մի քանիսն են.

1. Ժողովրդավարություններում պատերազմների գինը վճարում են հասարակ ընտրողները, որոնք անհաջողությունների դեպքում կարող են իրենց կամքը արտահայտել ընտրատեղամասերում:

2. Ժողովրդավարություններում գոյություն ունեն վեճերի խաղաղ կարգավորման կայացած նորմեր:

3. Ժողովրդավարություններում գոյություն ունեն սահմանադրական հակակշիռների մեխանիզմներ և գաղափարների ազատ շուկա, որոնք թույլ չեն տալիս իռացիոնալ որոշումներ կայացնել:

 

Սակայն ողջ խնդիրը այն է, որ այս օրինաչափությունը աշխատում է միայն կայացած ժողովրդավարությունների պարագայում, որտեղ ձևավորվել են քաղաքական ու հասարակական ուժեղ ինստիտուտներ: Իսկ կայացած ժողովրդավարություն դառնալու համար ժողովրդավարացման գործընթացում գտնվող երկրները բավական երկար ճանապարհ պիտի անցնեն: Եվ իրականում մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկրները ավելի են հակված պատերազմներ սկսել:

Այդպիսի հետազոտություններից  ամենահայտնին Էդվարդ Մանսֆիլդի (Edward Mansfield) և Ջեք Սնայդերի (Jack Snyder) 1995 թվականին հրապարակված  «Ժողովրդավարացում և պատերազմի վտանգը» (''Democratization and the Danger of War'') գիտական հոդվածն է: Այս հետազոտության մեջ հեղինակները ուսումնասիրել են ժողովրդավարացման և պատերազմի միջև գոյություն ունեցող կոռելյացիան և եկել այն եզրահանգման, որ ժողովրդավարացող երկրների` պատերազմի մեջ ներգրավվելու հավանականությունը ավելի բարձր է, քան այն երկրներինը, որտեղ քաղաքական ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենում:

Հեղինակները իրենց հոդվածի մեջ դիտարկում են քաղաքական ռեժիմների երեք տեսակ` ավտորիտարիզմ, անոկրատիա (հիբրիդային ռեժիմ, որը ունի թե ավտորիտար, թե ժողովրդավարական ռեժիմներին բնորոշ հատկանիշներ) և ժողովրդավարություն: Ժողովրդավարացումը ավտորիտարիզմից անոկրատիա, անոկրատիայից ժողովրդավարություն և ավտորիտարիզմից ժողովրդավարություն կատարվող անցումներն են: 

Մանսֆիլդը և Սնայդերը պարզել են, որ  անոկրատիայից ժողովրդավարություն անցում կատարած երկրներում միջպետական պատերազմի հավանականությունը բարձրացել է 35-ից 115 տոկոսով`  անոկրատական ռեժիմը պահպանած երկրների համեմատ: Ավտորիտարիզմից ժողովրդավարություն անցում կատարած երկրներում միջպետական պատերազմի հավանականությունը մեծացել է  50-ից 135 տոկոսով`  ավտորիտար մնացած երկրների համեմատ: Ավտորիտարիզմից անոկրատիա անցում կատարած երկրներում միջպետական պատերազմի հավանականությունը ավտորիտար մնացած երկրների համեմատ  բարցրացել է մոտավորապես 70 տոկոսով:  Այս արդյունքները գրանցվել են ժողովրդավարացումից հետո առաջին տասնամյակի ընթացքում: Պատերազմի հավանականությունը ամենաշատը ավելացել է ավտորիտարիզմից ժողովրդավարություն կտրուկ անցումից հետո:

Ժողովրդավարացման պատճառով պատերազմի հավանականության բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով: Ժողովրդավարացման արդյունքում  տեղի ունեցող քաղաքական ու սոցիալական փոփոխությունները ստեղծում են քաղաքականապես ակտիվ նոր խմբեր, որոնք ունենում են բազմազան և շատ հաճախ միմյանց հետ անհամատեղելի շահեր: Կայացած ժողովրդավարությունները կարողանում են կուսակցական պայքարի միջոցով քաղաքական համակարգի մեջ ինտեգրել  շահերի ամենալայն շրջանակները: Սակայն այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը սկզբնական փուլում է գտնվում կամ մասնակի է, քաղաքականապես մոբիլիզացված սոցիալական շահերի լայն տարածումը կայուն կոալիցիաների ձևավորումը չափազանց դժվար է դարձնում:

Ժողովրդավարացման ընթացքում ուժեղանում է նաև  էլիտաների միջև պայքարը: Թե հին, թե նոր էլիտաները իրենց դիրքերի ամրապնդման համար զանգվածային մոբոլիզիացիայի կարիք են ունենում: Քանի որ այդ փուլում կայացած քաղաքական համակարգեր և արմատավորված քաղաքական գաղափարախոսություններ դեռևս գոյություն չեն ունենում, տարատեսակ շահեր ունեցող սոցիալական խմբերին մոբիլիզացնելու միակ գործիքը դառնում է ազգայնական գաղափարախոսությունը, որը շատ հաճախ նյութականանում է պատերազմների տեսքով: Ազգայնականությունը այն եզակի գաղափախարախոսություններից է, որը էլիտաներին և լայն ժողովրդական զանգվածներին միավորելու կարողություն ունի:

Այս օրինաչափությունը կիրառելի է նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Որևէ կասկած չկա, որ Ադրբեջանում ժողովրդավարացման արդյունքում ստեղծված իշխանության վակուումը լցվելու է կամ ազգայնականությամբ, կամ էլ  արմատական իսլամիզմով: Ավելին, եթե Մասնֆիլդի ու Սնայդերի կողմից հետազոտված դեպքերի մեծամասնությունում հասարակությունները ի սկզբանե դեմ էին պատերազմին և միայն ժամանակի ընթացքում էին դառնում էլիտաների մանիպուլյացիայի զոհ, ապա Ադրբեջանի պարագայում պատկերը հակառակն է: Ադրբեջանական հասարակության մեջ ազգայնական ու հակահայկական սենտիմենտները արդեն իսկ առկա են: Ավելին, Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար ազգակերտ գործոն է, և որևէ իշխանություն չի կարող արհամարհել այդ հանգամանքը:  Ուստի` Ադրբեջանի ժողովրդավարացումը ոչ միայն հարատև խաղաղություն չի հաստատելու տարածաշրջանում, այլև մեծացնելու է նոր պատերազմի հավանականությունը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: