27 հուլիս, 2020 17:49

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ։

ՀՀ անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը:

Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝  հետևյալի հատկանշմամբ.

Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:

Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:

Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք  հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

***

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի տաղավարում վերջերս խոսել է ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին։