27 հուլիս, 2020 12:24

Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման մասին լուրերը ապատեղեկատվություն են․ Թբիլիսի

Վրաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Թբիլիսիի դիրքորոշումն անդառնալի է՝ Կովկասում խաղաղությունը չունի այլընտրանք․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին։ Այսպես է նա մեկնաբանել Վրաստանում տարածվող տեղեկությունները, թե Ռուսաստանը ծրագրում է Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկել 300 մարտական մեքենա։

Չիկովանիի խոսքով՝ «սա ևս մեկ սուտ տեղեկություն է, որն օգտագործում են կոնկրետ կուսակցական լրատվամիջոցներ քարոզչական նպատակներով»։ Պաշտոնյան շեշտել է՝ Թբիլիսիի դիրքորոշումը հստակ է բոլոր գործընկերների համար։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Սերբիայից Վրաստանի տարածքով զենք է մատակարարվել Հայաստան։ Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, մինչդեռ Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, թե «գոյություն չունի որևէ միջազգային սահմանափակում, որի հիման վրա Սերբիան կարող է հրաժարվել զենք վաճառել Հայաստանին»։