29 հուլիս, 2020 12:56

Հայաստանի ու Ադրբեջանի բախման դեպքում Թուրքիայի ու Իրանի ներքաշման մեծ վտանգ կա. Բրադկե

Հայ-ադրբեջանական բախումները տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության գոտուց հեռու՝ երկու երկրների սահմանին, որն առավել մտահոգիչ է․ այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարձազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ հակամարտության բռնկման սպառնալիքները չեն սահմանափակվում այդ գոտով:

Ջեյմս Ուորլիք․ Երկու տարի է անցել, և խաղաղ բանակցությունները ոչինչ չեն տալիս․ դա մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները:

«Այս պահին առկա է հիասթափության բարձր մակարդակ Հայաստանում ու Ադրբեջանում, մասնավորապես Ադրբեջանում, որը որոշակի հույսեր ուներ, նույիսկ լավատեսություն Հայաստանում իշխանության փոփոխության հետ, ուստի նոր բանակցություններ սկսվեցին Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի միջև», - ասել է Ուորլիքն ու հավելել, որ արդեն երկու տարի է անցել, և խաղաղ բանակցությունները ոչինչ չեն տալիս․ դա մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները:

Նրա խոսքով՝ զինված ուժերը տեղեկայված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով, և բախումներն այժմ տեղի են ունենում շատ խոցելի տարածքում, որտեղ կան կարևոր ենթակառուցվածքներ․ «Եվ դա շատ անհանգստացնող է: Պատճառները շատ են․ զինված բախումները մարդկային կյանքների կորստի հետ մեկտեղ լուրջ խնդիրներ կստեղծեն կողմերի համար ենթակառուցվածքների առումով»։

Ուորլիքը խոսել է նաև զինված բախումների ֆոնին Ռուսաստանի գործողությունների մասին:

«Ես շատ ուրախացա, երբ տեսա ՌԴ ԱԳ փոխնախարարի դրական հայտարարությունը, որը խաղաղ կարգավորման ու բանակցությունների կոչ էր անում։ Դա նաև ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շարունակեն ակտիվ լինել և ներգրավված։ Համանախագահներն այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում»,- ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման գործում խնդիրը ձևաչափը չէ, և այն կարելի է փոխել:

«Հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների և ժողովուրդների քաղաքական կամքը», - ասել է նա՝ հավելելով, որ չկա քաղաքական կամք, ինչը վերաբերում է թե Ադրբեջանի նախագահին, թե ՀՀ վարչապետին։ 

«Հակամարտության սրացումը, հատկապես հակամարտության գոտուց դուրս, չափազանց վտանգավոր է, և երկու երկրներն էլ կարող են շատ բարձր գին վճարել»,- ասել է ԱՄՆ նախկին համանախագահը։

Ռոբերտ Բրադկե․ հակամարտության կողմերի մոտ կա հիսաթափություն կարգավորման գործընթացի վերաբերյալ

Մինսկի խմբի ամերիկացի մեկ այլ նախկին համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ հակամարտության կողմերի մոտ կա հիսաթափություն կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նա կարծում է, որ կարգավորման գործընթացում կա ևս մեկ գործոն, որին ինքը ականատես է եղել համանախագահի պաշտոնում աշխատելիս: «Այն դեպքերն են, երբ հակամարտւթյան կողմերը սկսում են կարծել, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձրում հակամարտությանը: Առկա է գայթակղություն դիմելու ուժի, որպեսզի կենտրոնացնել ուշադրությունը հակամարտության վրա: Եվ այսպես սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք ունենք համավարակ, տնտեսական ճգնաժամ ողջ աշխարհում»:

Նրա խոսքով՝ բախումների թատերաբեմի տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտուց դեպի հայ-ադրբեջանական սահման մեծացնում է հավանականությունը, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: 

«Փաստ է, որ ԵԱՀԿ դիտորդներին չի հաջողվել անել այն մոնիթորինգը, որ իրենք անում էին նախկինում: Այսպիսով ստեղծվում է մի իրավիճակ, որը կարող է արագ շարժվել վատ ուղղությամբ», - նշել նա:

Նա խոսել է նաև հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարության մասին՝ նշելով, որ իր համանախագահության ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ում երեք համանախագահող պետությունները սերտորեն համագործակցում էին խնդրի կարգավորման նպատակով: 

«Ես հավատում եմ կամ կցանկանամ հավատալ, որ աժմ էլ Ռուսաստանը գիտակցում է՝ Հայաստանի և Ադրբեջանի բախման դեպքում այլ պետությունների ներքաշման ծայրաստիճան մեծ վտանգ կա, մասնավորապես Թուրքիայի և Իրանի: Եվ դա չի կարող բխել Ռուսաստանի շահերից», - ասել է նա: