29 հուլիս, 2020 12:25

Հայկական Զինված ուժերը հօդս ցնդեցրին Ալիևի «հզոր բանակի» մասին միֆը․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան RBC գործակալությանը։ Նա անդրադարձել է սահմանային լարվածությանը, տարածաշրջանային պետությունների, միջնորդների դերակատարությանը, Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հակահայկական հայտարարություններին։ Հայ-ադրբեջանական էսկալացիայի, դրա պատճառների մասին հատվածը՝ թարգմանաբար ստորև։

Նիկոլ Փաշինյանը RBC-ին տված հարցազրույցում նշել է, թե ինչու է Ադրբեջանը հարձակվել Տավուշի, այլ ոչ թե Ղարաբաղի վրա։

Նրա խոսքով՝ այժմ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գոտում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Ցավոք, Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը։

«Սակայն կրակոցների այն ինտենսիվությունը, որը վերջին 2-3 օրերին նկատվում է, վերջին տասը տարիների համար սովորական է»,- ասել է Փաշինյանը։

Պնդումներն անհիմն են. Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանին

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված սրացման մասին՝ վարչապետն ընդգծել է, որ վերջին տարիներին, ինչպես նաև լարվածությունից մի քանի ամիս և նույնիսկ շաբաթ առաջ Ադրբեջանի և նրա առաջնորդի ռազմական հռետորաբանությունը ուժգնացել էր։

Մարտերից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը կոշտ հարցազրույց էր տվել, որում գործնականում սպառնացել էր, որ Բաքուն բանակցային գործընթացից դուրս կգա։ Ալիևը ասել էր, որ բանակցություններում գլխավոր դերը խաղում է ուժը, և ուժային ճանապարհը միակն է հարցերի լուծման մեջ, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության, նշել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հարձակվել է ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ Տավուշի մարզի ուղղությամբ։

«Ադրբեջանի առաջնորդը երկար ժամանակ խոստանում էր ժողովրդին, որ Ղարաբաղի հարցը կլուծի ռազմական հարձակման միջոցով։ Վերջին տասը տարիներին Ադրբեջանի կառավարությունը բանակը զարգացնելու պատրվակով մի քանի միլիարդ դոլար է ծախսել։ Ժամանակ առ ժամանակ Ալիևը ստիպված է լինում բացատրել, թե ինչու այդ գումարները չեն ծախսվել ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու վրա, եթե հակամարտության ուժային լուծում տեղի չի ունենում»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի ռազմական իշխանությունները մեկ ուրիշ հարցազրույցում հայտարարել են, որ Ղարաբաղի վրա հարձակումը դեռ անհնար է, քանի որ Պաշտպանության բանակը շփման գիծը զինել է տեսահսկման համակարգերով, որոնք ֆիքսում են Ադրբեջանի ԶՈՒ-ի ցանկացած շարժ։

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի՝ «ամերիկյան տեսահսկման համակարգերի» մասին հայտարարությունը

Բացի այդ, շփման գծի երկայնքով կան ադրբեջանական շատ բնակավայրեր, դրա համար էլ նրանց համար բարդ է հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։

«Նրանք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանը այդքան էլ հագեցած չէ տեսահսկման համակարգերով։ Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղերը շատ են։ Կարծում եմ, որ դա բացատրում է, թե ինչու է հարձակումը եղել այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ մի քանի անգամ հանրային և աշխատանքային պայմաններում Ալիևին խորհուրդ է տվել չխոսել սպառնալիքների լեզվով, քանի որ դա ոչ մի արդյունքի չի բերում։ Սակայն Ադրբեջանի նախագահի գիծն այդպիսին էր․ «Բաքուն հզոր բանակ ունի, և անհրաժեշտության դեպքում այն 24 ժամում կլուծի ղարաբաղյան հակամարտությունը»։

Վարչապետի խոսքով՝ այդ միֆը 15 տարի է, ինչ գոյություն ունի։ Ադրբեջանական իշխանության նյարդային արձագանքը վերջին իրադարձություններին կապված է նրա հետ, որ այդ միֆը փշրվեց։

«Հայաստանի Զինված ուժերն այնպիսի հակահարված տվեցին, որպիսին չէին սպասում անգամ Հայաստանում։ Պարզվեց, որ բարեփոխումները, որոնք վերջին երկու տարիներին տեղի են ունեցել երկրում, և մասնավորապես, ԶՈւ-ում, շատ արդյունավետ էին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Լուսինե Վարդանյան