29 հուլիս, 2020 16:16

Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից»,- գրել է նա։

***

Միքայել Մինասյանը  որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Նա հետախուզման մեջ է։

Մայիսի 2-ին Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպում է ունեցել իր հետ, որի ընթացքում առաջարկել է «սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին՝ քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից ազատվելու համար»։ Օրեր անց դատախազությունը հայտնել էր, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։

Կարդացե՛ք նաև՝ Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը