29 հուլիս, 2020 13:45

1 000 դրամների հիմնադրամը 10 օրում ավելի շատ նվիրաբերություն է ստացել, քան վերջին 3 տարում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 12 օրվա ընթացքում ավելի շատ նվիրաբերություն է ստացել, քան 2017, 2018, 2019 թվականներին միասին վերցված։ Այս մասին պարզ է դառնում հիմնադրամի հաշվետվությունները ուսումնասիրելիս։ Նվիրաբերությունների առյուծի բաժինը կատարվել է Հայաստանի Հանրապետությունից, իսկ Սփյուռքից ստացված նվիրաբերությունների չափն անցյալ տարի չափազանց փոքր է եղել։

2017-ին Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը ստացել էր 94,3 միլիոն դրամ նվիրաբերություն։ Մեծ մասը կատարվել է Հայաստանից։ 2018-ին հիմնադրամին նվիրաբերությունները կազմել են ավելի քան 94,8 միլիոն դրամ, որից 85,3 միլիոնը՝ մոտ 87 տոկոսը, կազմել են ՀՀ-ից ստացված նվիրաբերությունները։ 

Ֆրանսիայից կատարված փոխանցումները հիմնադրամին կազմել են 5,8 միլիոն, այնինչ, ըստ հիմնադրամի 2017 հունվար - 2018 մարտ հաշվետվության, նշված ժամանակահատվածում Ֆրանսիայից ստացված նվիրաբերության թիվը գերազանցել էր 14 միլիոն դրամը։ 

2018-ի ընթացքում Կանադայից հիմնադրամին փոխանցվել է 2,7 միլիոն դրամ

ԱՄՆ-ից փոխանցվել է 337 000 դրամ

Ռուսաստանից՝ 246 000 դրամ

Մեծ Բրիտանիայից՝ 108 հազար

Գերմանիայից՝ 88 000 դրամ

Ամենափոքր նվիրաբերությունն արտերկրից, ըստ հաշվետվության, կատարվել է Իսպանիայից՝ 5 000 դրամի չափով։ 

2019-ին նվիրաբերությունները հիմնադրամին աճել են՝ հասնելով 115,5 միլիոն դրամի։ Այս գումարի բացվածքն ըստ երկրների, սակայն հիմնադրամը չի հրապարակել։ Ընդհանուր առմամբ, երեք տարիների նվիրաբերությունների չափը միասին վերցված կազմել է մոտ 308 միլիոն դրամ։ 

Տավուշում հուլիսյան ռազմական գործողություններից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումները տասն օրվա ընթացքում գերազանցել են երեք տարիների ցուցանիշը։

Այսպես՝ հիմնադրամի հրապարակած տվյաների համաձայն՝ հուլիսի 17-27-ը նվիրաբերությունների չափը կազմել է 304 միլիոն դրամ, որից 182 միլիոնը կատարվել է ՀՀ-ից։ Նշված տասնօրյակում արտերկրից ստացված հանգանականություններն էականորեն աճել են։ Դրանցից համեմատաբար խոշորները հետևյալ տեսքն ունեն. 

ԱՄՆ-ից ստացվել է 96,2 միլիոն դրամ

ՌԴ-ից՝ 7,3 միլիոն

Կանադայից՝ 5,6 միլիոն

Ֆրանսիայից՝ 4,3 միլիոն

Գերմանիայից՝ 3,3 միլիոն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվեց 2017-ին և հանրության շրջանում ոչ միանշանակ վերաբերմունքի արժանացավ, քանի որ աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1 000-ական դրամներ էին պահվելու՝ հիմնադրամի միջոցները համալրելու նպատակով։ Հետագայում հիմնադրամը սկսեց հատուցել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին։ 2019-ի հոկտեմբերին հայտարարվեց, որ հիմնադրամի շահառուների շրջանակը կընդլայնվի, և այս տարվա հունվարի 1-ից աջակցությունից սկսեցին օգտվել նաև 1998 թվականից ի վեր զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքները։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Սիվիլնեթին հայտնել էր՝ իրենց ռազմավարական նպատակն է հատուցել նաև արցախյան պատերազմի զոհերի ընտանիքներին։ 

Մկրտիչ Կարապետյան