30 հուլիս, 2020 12:19

Ադրբեջանում բացառում են Անկարայի ուժային միջամտությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը․ «Կոմերսանտի» անդրադարձը

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ լայնամասշտաբ զորավարժություններին անդրադարձել է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը։

«Կոմերսանտը» հիշեցնում է տավուշյան իրադարձությունների ժամանակ Թուրքիայի կողմից Բաքվին աջակցություն հայտնելը և մեջբերում Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ «Թուրքիան վճռականորեն քննադատում է Հայաստանի կողմից բարեկամական և եղբայրական Ադրբեջանի վրա հարձակումները։ Դրանց նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խոչընդոտումն է, ինչպես նաև բախման օջախի ստեղծումը»։

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը թերթի հետ զրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը Անկարայի ուժային միջամտության մասին խոսք չկա։ Նա բացառել է, որ դա կարող է տեղի ունենալ անգամ ավելի լուրջ միջադեպերի դեպքում։

«Դա Ադրբեջանի շահերից չի բխում»,- ասել է Հաջիևը՝ հավաստիացնելով, որ երկրի բանակը «բավականաչափ ուժեղ է, որպեսզի ինքնուրույն թշնամու հարցերը լուծի»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլին «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ զորավարժությունները ոչ մի կապ չունեն հուլիսյան սրացման հետ․ դրանց տեղն ու ժամանակը որոշվել էին դեռ նախորդ տարի։

Հոդվածում նշվում է նաև, որ Հարավային Կովկասում ռուսաստանյան զորքի՝ հուլիսի 17-ին սկսած մարտական պատրաստվածության փորձերը լարել են Ադրբեջանին։ Այդ ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովին, որ դա կապ չունի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։

Փորձագետ Ֆարհադ Մամմադովը Ադրբեջանից թերթին ասել է, որ չնայած ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ծրագրվել էին ավելի վաղ, դրանք ամեն դեպքում «պետք է դիտարկել հակառակորդին թուլացնելու Բաքվի մշտական քաղաքականության համատեքստում»։ 

Զորավարժությունների մասին թերթին մեկնաբանություն է տվել նաև Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Այդ զորավարժություններին միանշանակ բացասական ենք վերաբերվում, հատկապես Տավուշում իրադարձություններից հետո, քանի որ դիտարկում ենք դրանք ոչ թե որպես բանակի ծրագրային զորավարժություն, այլ որպես տարածաշրջանում անվտանգության սպառնալիք։ Մենք տեսել ենք, թե ինչքան ագրեսիվ է արձագանքել Թուրքիայի ռազմական-քաղաքական ղեկավարությունը Տավուշում լարվածությանը, մասնավորապես, նրանք որոշ տեսակի սպառազինություն են ուղարկել Ադրբեջան։ Իսկ Բաքուն ցանկանում էր ցանկացած ձևով Թուրքիային ներգարվել տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ, ինչը կարող էր անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ»,- ասել է նա։

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը նա նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Լուսինե Վարդանյան