30 հուլիս, 2020 16:50

ՌԴ-ում դադարեցվել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը. ՀՀ դատախազությունը ճշտում է լուրը

Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են Հայաստանի ֆուտբոլորի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Մակինյանը նշեց, որ հետախուզումն ի սկզբանե «անհիմն էր հայտարարված, քանի որ իր պաշտպանյալի գտնվելու վայրը հայտնի է»։ Հայրապետյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում: 

«Գիտեք, չեմ կարծում, որ կարելի է հետախուզել մարդուն, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է: Ես վարույթն իրականացնող մարմնին հայտնել եմ Հայրապետյանի գտնվելու վայրը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Ռուբեն Հայրապետյանն է իրեն փոխանցել ՌԴ-ում հետախուզման դադարեցման մասին լուրը։

Հայաստանում Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը շարունակվում է, նկատեց փաստաբանը՝ նշելով, որ սա ևս «աբսուրդ է»: «Ինչպես նշեցի, Հայրապետյանի գտնվելու վայրը պարզ է, այդ պարագայում ի՞նչ հետախուզման մասին կարող է լինել խոսքը», - ընդգծեց նա:

Մակինյանը նաև մեկնաբանեց, թե ինչու Ռուբեն Հայրապետյանը չի վերադառնում Հայաստան, չէ՞ որ ամիսներ առաջ պատրաստակամություն էր հայտնել վերադառնալ Երևան և ներկայանալ հարցաքննության՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերագործարկումից հետո:

«Ի սկզբանե հարցաքննության չներկայանալու պատճառը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն էին: Թռիչքներ չկային, օդային հաղորդակցությունը խիստ սահմանափակ էր: Հետո նա, վարակի տեսանկյյունից, ռիսկի գոտում էր և ցուցում ուներ ինքնամեկուսանալու: Իսկ այժմ չի վերադառնում, քանի որ մենք չենք տեսնում իրավական գործընթաց: Կատարվում են ապօրինություններ, քրեական հետապնդումն ապօրինի է»,- ասաց Մակինյանը:

Փաստաբանը նկատեց, որ Ռուբեն Հայրապետյանին ինքն անձամբ խորհուրդ կտա վերադառնալ Հայաստան, երբ «իսկապես իրավական գործընթաց սկսվի»: Մամուլում Ռուբեն Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկատվությունը Մակինյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է ՌԴ-ում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին լուրը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա նշել է, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են։

«Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասել է Աբրահամյանը:

Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, առաջադրվել էր մեղադրանք ինքնիրավչության, «մարդուն ապօրինի ազատությունից զրկելու» և «ֆիզիկական ուժեղ ցավ» պատճառելու հատկանիշներով: ՀՖՖ նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Կարդացե՛ք նաև՝

Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին նոր գործով ներգրավվել են որպես մեղադրյալ. փաստաբան