30 հուլիս, 2020 10:28

Տոնոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Տոնոյանը ներկայացրել է  հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: 

Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Հուլիսի 29-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, իսկ հուլիսի 28-ին հանդիպումներ էր ունեցել ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ