30 հուլիս, 2020 14:10

Տավուշում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Բերդում «Սիմոնյան» կրթական հիմնադրամը հիմնելու է շարժական «Թումո»։ Այդ նպատակով հուլիսի 30-ին կառավարությունը հողամաս հետ վերցրեց Բերդի ավագ դպրոց ՊՈԱԿ-ից և անհատույց իրավունքով հանձնեց «Սիմոնյան» կրթական հիմնադրամին։ 

Հիմնադրամն իր հերթին այնտեղ կառուցելու է «Թումո» շարժական կենտրոն։ 

«Ընդունելության ժամանակ տեղերի սահմանափակ լինելու դեպքում «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրից օգտվելու համար հերթի առաջնայնությունը տրվում է «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 15 և ավելի տարեկան աշակերտներին»,- նշված է կառավարության որոշման նախագծում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը հատկապես սահմանամերձ բնակավայրերի զարգացման համատեքստում: «Մենք քննարկում ենք ընդհանրապես սահմանապահ համայնքների և սահմանամերձ բնակավայրերի զարգացման մեր ռազմավարությունները: Մի բան ակնհայտ է՝ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա և պետք է լինի մի պարտադիր բաղադրիչ՝ կրթականը: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական բաղադրիչ՝ մենք չենք կարող հաջողել: Իհարկե, Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ընթացքի մեջ են գտնվում Կողբի Թումոյի կենտրոնի կառուցման աշխատանքները:

***

Թումոն կենտրոններ կան Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում, իսկ շուտով դրանց կմիանան ևս երկուսը Կողբում և Մասիսում: Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում ու Բեյրութում, շուտով կբացվի նաև կենտրոն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Ինչպես հաղորդում է Թումոյի կայքը, Կողբ գյուղում Թումո կենտրոնն իր դռները կբացի 2020 թվականին՝ Կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Կենտրոնը կտեղակայի 1 000 պատանու Կողբից, ինչպես նաև Նոյեմբերյանից, Բերդավանից և այլ բնակավայրերից։ Շինությունը նախագծված է ճարտարապետ Բերնար Խուրիի կողմից։ Այն կներառի նորագույն տեխնոլոգիաներով դասասենյակներ, ինքնուսուցման կայաններ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և մեծ մարզադաշտ: