31 հուլիս, 2020 14:39

«Այնպես չէ, որ մենք հրամանի չենք սպասում». Տոնոյանը մեկնաբանեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտպանության բանակի լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտարարել է՝ իր համար անհասկանալի են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ 

«Ադրբեջանի գերագույն հրամանատարը օգտագործել է «քանի ուշ չէ» արտահայտությունը, որ հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները։ Հաշվի առնելով, որ մեր վարչապետը և Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս ոչ նման արտահայտություններով, հակառակը՝ կոչ անելով խաղաղության ու բանակցությունների շարունակականության, մեզ համար անհասկանալի են այդպիսի արտահայտությունները։ Ուղղակի որպես ՊՆ նախարար կուզեի հասկանալ՝ «քանի ուշ»-ը ե՞րբ է»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն հայտարարություններին, որ պատրաստ են գործողություններ սկսել և միայն հրամանի են սպասում, Դավիթ Տոնոյանը ասել է՝ «այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի». «Տավուշի մարտական գործողությունները վառ ապացույց են, որ կարճ ժամանակահատվածում, թեև հակառակորդը օգտագործեց գերժամանակակից շատ խիտ միջոցներ, հաջողության չհասավ ու ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- հայտարարել է Տոնոյանը։