31 հուլիս, 2020 14:14

«Աստանա 2» Հարավային Կովկասի համար. ինչ պետք է անի Հայաստանը

Հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հյուսիսային հատվածում սկսված էսկալացիան և դրան հաջորդած հայ-ադրբեջանական ընդհարումները տարբեր պետություններում շարունակում են մնալ տարածաշրջանային անվտանգությամբ զբաղվող փորձագետների ուշադրության կենտրոնում։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ այդ իրադարձությունների  պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Քննարկումների կենտրոնում է նաև Թուրքիայի ակտիվ և ընդգծված հակահայկական արձագանքը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև հրատապ կոնսուլտացիաների անցկացումը։ Հուլիսի 29-ին Ադրբեջանում մեկնարկած թուրք – ադրբեջանական համատեղ զորավարժությունները հավելյալ լարվածություն են առաջ բերում տարածաշրջանում՝ հստակ ուղերձ հղելով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում սեփական ներգրավվածությունն ավելացնելու Թուրքիայի նպատակների մասին։

Հուլիսի 12-ից սկսված իրադարձությունների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Հարավային Կովկասում առավել ազդեցիկ տերության՝ Ռուսաստանի դիրքորոշումը և վերջինիս ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած քայլերը։ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների և Ռուսաստանում հակական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, աշխատանքային ճաշ անցկացրել Մոսկվայում երկու պետությունների դեսպանների մասնակցությամբ։ Սակայն Ռուսաստանի Նախագահը մինչ օրս խնդրի վերաբերյալ քննարկում չի ունեցել ոչ Հայաստանի, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամ է և ունի «փոխադարձ օգնության և բարեկամության պայմանագիր» Ռուսաստանի հետ, և ոչ էլ Ադրբեջանի ղեկավարության  հետ, չնայած առնվազն վերջին տասնամյակի ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երկու կողմերն էլ բնորոշում են որպես ռազմավարական - գործընկերային։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը պարզապես կարևորություն չի տալիս վերջին ռազմական էսկալացիային և զբաղված է ավելի գլոբալ և Ռուսաստանի համար առավել կարևոր նշանակություն ունեցող խնդիրներով՝ Լիբիա, Ուկրաինա, Սիրիա, Իրանի միջուկային ծրագիր, ԱՄՆ – Չինաստան խորացող հակամարտություն։ Սակայն խուսափելով խնդիրը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Վլադիմիր Պուտինը այս հարցին անդրադարձ է կատարել  հուլիսի 27-ին Թուրքիայի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերն ընդգծել են հակամարտության քաղաքական – դիվանագիտական կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը և պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով։ Հարկ է նշել, որ նախագահների զրույցից չորս օր առաջ՝ հուլիսի 23-ին, այս խնդրի վերաբերյալ հեռախոսազրույց էին ունեցել նաև երկու պետությունների արտաքին գործերի նախարարները, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել զարգացնել Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը՝ Հարավային Կովկասում կայունության վերականգնման նպատակով։

Այստեղ Թուրքիայի ռազմավարությունը հասկանալի է. օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքը և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության լծակները՝ Անկարան ցանկանում է էականորեն մեծացնել իր ներգրավվածությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ դա դիտարկելով Հարավային Կովկասում սեփական ազդեցության ավելացման համատեքստում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չի կարելի բացառել, որ Կրեմլը փորձում է շոշափել Հարավային Կովկասի առնչությամբ Ռուսաստան – Թուրքիա նոր երկկողմ ձևաչափի գործարկման հնարավորությունը՝ հենվելով Սիրիայի խնդրով արդեն մի քանի տարի գործող Ռուսաստան – Թուրքիա – Իրան եռակողմ «Աստանայի խաղաղության գործընթացի» փորձի վրա։ 

Հարկ է նշել, որ Աստանայի գործընթացի նպատակը ոչ թե Սիրիայում կողմերի միջև հակասությունների վերացումն է և հակամարտության վերջնական կարգավորման հասնելը, այլ սիրիական հակամարտությունում ներգրավված այլ դերակատարների՝ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա և այլն, ազդեցության սահմանափակումը և Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև հակասությունների կառավարումը՝ փոխադարձ ընդունելի ժամանակավոր լուծումներ գտնելու միջոցով։ Ներկայումս Ռուսաստանը և Թուրքիան փորձում են նմանատիպ գործընթաց իրականացնել նաև Սևծովյան տարածաշրջանում՝ փոխադարձ պայմանավորվածությունների միջոցով այն փաստացի «ռուս-թուրքական լճի» վերածելով և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ազդեցությունը սահմանափակելով։

Չի բացառվում, որ վերջին օրերին Հարավային Կովկասի շուրջ ամենաբարձր մակարդակով իրականացվող ռուս-թուրքական շփումները նպատակ ունեն շոշափել առկա ստատուս քվոն փոփոխելու երկու կողմերի համար ընդունելի տարբերակների մշակման հնարավորության հարցը։ Այստեղ ևս նպատակը կարող է լինել ոչ թե  Հարավային Կովկասում ռուս-թուրքական մրցակցության դադարեցումը, այլ այնպիսի ժամանակավոր լուծումների առաջ քաշումը, որոնք մասնակիորեն բավարարելով երկու կողմերին՝ հնարավորություն կտան էականորեն սահմանափակել այլ ուժային կենտրոնների, այդ թվում ԱՄՆ-ի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային դերակատարությունը։ Ընդ որում, ստեղծման դեպքում այս նոր ձևաչափը կարող է աշխատել արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային հիմնական ձևաչափի՝ Մինսկի խմբին զուգահեռ։

Հասկանալի է, որ նման հեռանկարը չի կարող բավարարել Հայաստանին, քանի որ արցախյան հակամարտությունում ձևավորված ստատուս քվոյի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ցանկացած փոփոխություն լինելու է ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Միևնույն ժամանակ պարզ է, որ Հայաստանը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունների անցկացմանը, որոնք կարող են ավարտվել երկկողմ «Աստանա երկու» ձևաչափի գործարկմամբ։ Հաշվի առնելով արցախյան հակամարտության վերաբերյալ վերջին տարիներին ԱՄՆ-ի զգալիորեն նվազած հետաքրքրությունը, ինչպես նաև ամերիկյան քաղաքական վերնախավի ամբողջ ուշադրության կենտրոնացումը 2020 թ. նոյեմբերի սկզբին սպասվող նախագահական ընտրությունների վրա, իրատեսական չէ ԱՄՆ-ի հետ շփումների ինտենսիվացմամբ Ռուսաստան – Թուրքիա հնարավոր պայմանավորվածություններից բխող ռիսկերի չեզոքացումը։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը դեռևս հեռու է աշխարհաքաղաքական դերակատարի վերածման հեռանկարից։

Տարածաշրջանում ներգրավված և Թուրքիայի ազդեցության մեծացմանը դեմ հանդես եկող պետությունների թվում են Իրանը և մասամբ նաև Չինաստանը։ Ստեղծված պայմաններում Ռուսաստանի հետ երկխոսության և տարբեր մակարդակներում շփումների ակտիվացմանը զուգահեռ Հայաստանը պետք է դիվանագիտական և փորձագիտական խողովակներով քննարկումներ սկսի Թեհրանի և Պեկինի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ սեփական գնահատումները և առաջարկի վերջիններիս ակտիվորեն ներգրավվել ընթացող քննարկումներում։ «Աստանա 2» ձևաչափի գործարկումը կանխելու անհնարինության դեպքում Հայաստանը պետք է ամեն ինչ անի այդ ձևաչափը «Ռուսաստան – Թուրքիա ակումբից» բազմակողմ հարթակի վերածելու ուղղությամբ։     

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: