31 հուլիս, 2020 11:03

Պատերազմում հաղթում է պետությունը և պարտվում է պետությունը

Տավուշ-Թովուզ հատվածում 2020-ի հուլիսյան ռազմական գործողությունների օրերին հայ քաղաքական, անգամ փորձագիտական շրջանակներում շրջանառության մեջ դրվեց վաղուց օգտագործվող և հանրության որոշակի շրջանակներում մարսվող հնարքը, այն է՝ գործող իշխանությունները Ադրբեջանի ախորժակը զսպելու հարցում դերակատարություն չունեին: Ինչ արել է՝ հայկական բանակն է արել: Մոլորեցնող, մանիպուլատիվ ու վտանգավոր այս հնարքին դիմեց անգամ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  

Պետությունը և բանակը տարանջատելու հերթական անհաջող փորձը շատ վտանգավոր է առաջին հերթին պետության ու բանակի համար: Եթե հայկական կողմը հուլիսյան ռազմական գործողությունների օրերին անհաջողության մատնվեր, ապա դա կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ տարածքային կորուստներից մինչև ներքին անկայունություն և անգամ իշխանափոխություն:

Պատերազմում՝ լինի այն լոկալ, ինչպես հուլիսյանն էր, ավելի երկար ռազմական գծի վրա, ինչպես 2016-ի ապրիլյան քառօրյան էր կամ միջպետական, ինչպես 1991-1994թթ․ արյունալի հակամարտությունն էր մի կողմից Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև (այստեղ ոչ թե միտում ունենք Հայաստանն ու Արցախը առանձին ներկայացնել, այլ պարզապես ցույց ենք տալիս ճակատների որոշակի տարբերությունը և կարգավիճակները, այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված միավորներ էին, Արցախը՝ չճանաչված), հաղթում է պետությունը և պարտվում է պետությունը:

Ներքաղաքական նեղ ինչ-ինչ հաշվարկներով օրվա ընդդիմությունը միշտ փորձել է հաղթանակի դեպքում դափնիները ուղղել հայկական բանակին, առանձին հրամանատարների հերոսությանն ու հանճարին, ժողովրդին, բայց ոչ երբեք պետությանը, քանի որ այդ պահին պետության գլուխ է մի իշխանություն, որին իրենք ընդդիմադիր են: Պարտության դեպքում, նույն ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին:

Նույն մոտեցումն էր 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո: Բայց առավել ցցուն է 1991-1994թթ․ ղարաբաղյան հակամարտությունը: Մինչև այսօր լայն տարածում է գտել և ագրեսիվ կերպով քարոզվում է տեսակետը, որ հաղթանակի հետ և Հայաստանը 30 հազարից 42 հազար քառակուսի կիլոմետր դարձնելու գործում օրվա իշխանությունները կապ չունեն, հակառակը՝ նրանք ամեն ինչ արել են, որ հայկական ուժերը առաջ չգնան, բայց ահա կամավորական, կուսակաժցական ջոկատների ու Հայաստանի սահմանամերձ ու Արցախի ժողովրդի նվիրումի ու հերոսության շնորհիվ մենք ունեցել ենք վերջին 1 000 տարիներին չկրկնված հողահավաքը:

1992-ի ամռանը մենք կորցրեցինք Շահումյանի շրջանն ու Գետաշենը, Մարտակերտի գրեթե ամբողջ շրջանը (մեկ տարվա ընթացքում և մինչև 1994-ի մայիսյան զինադադարը մեզ հաջողվեց ազատագրել Մարտակերտի շրջանը՝ բացառությամբ հյուսիս-արևելյան մի քանի գյուղերի): Այս անհաջողության մեջ, բնականաբար, մեղավոր են և պատասխանատու օրվա իշխանությունները, իսկ ահա ֆիդայական, կուսակցական ջոկատները, ընդդիմությունը չէին կարող պահել հայկական հողը, «քանի որ կար դավաճանություն իշխանությունների կողմից՝ հանձնել Շահումյանն ու Գետաշենը»:

Մի քանի ամիս առաջ՝ 1992-ի մայիսին, հայկական ուժերը, ավելի ճիշտ՝ Հայաստանը, ազատագրել էր Շուշին, ապա տասն օր անց բացել մարդասիրական միջանցք Հայաստանի ու Արցախի միջև: Մինչև այսօր անդադար առաջին պլան է մղվում Արկադի Տեր-Թադևոսյանի անունը, առանց որի իբր անհնար կլիներ ազատագրել բերդաքաղաքը: Իսկ ահա Հայաստանի «դավաճան իշխանությունները փորձել են խոչընդոտել կամ էլ տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում Արցախում»: Այս անհեթեթ պատմության մեջ ամենաանհեթեթ դրվագն այն է, որ Արկադի Տեր-Թադևոսյանին Արցախ էր գործուղել հենց օրվա՝ ՀՀՇ-ական իշխանությունը:

1918-1920 թվականների կարճ շրջանում, երբ մենք շուրջ 1 000 օրվա կյանքով Հայաստանի Հանրապետություն ունեցանք, հաղթանակները տերեր ունեին, իսկ պարտությունները՝ ոչ:

Այսպես, Սարդարապատի հաղթանակը կերտողների անունները հայտնի են, իսկ ահա Կարսի անկման ու մի քանի շաբաթվա ընթացքում շուրջ 40 հազար քառակուսի կիլոմետր հողերի կորստի հարցում չկան պատասխանատուներ, եթե անգամ կան, ապա նրանք են հայ և ռուս բոլշևիկներն ու քեմալական թուրքերը, ընդամենը մեկ տարի առաջ մեր բարեկամ ու դաշնակից համարվող, այժմ՝ «անբարո բրիտանացիները»: Չկա հայ պատասխանատուն: Չկա որևէ հայ պաշտոնյայի անուն: Լավագույն դեպքում կգտնեք ինչ-որ միջին զինվորականների անուններ:

Պատերազմներում հաղթանակների և պարտությունների պատճառները բազմաթիվ են՝ ներքին, արտաքին, հոգեբանական, քաղաքական, տարածաշրջանային, միջազգային, աշխարհաքաղաքական, բայց լայն հաշվով՝ պատերազմում հաղթում է պետությունը և պարտվում է պետությունը: Եվ այդպես է գրվելու պատմությունը, ինչքան էլ այդ որոշ քաղաքական ուժերի քիմքին հաճո չլինի:

Հաղթանակը հազար տեր ունի ու հազար հերոս, պարտությունը որբ է ու անտեր: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: