31 հուլիս, 2020 10:26

Վանեցյանը կանխատեսում է ակտիվ քաղաքական գործընթացներ․ չի բացառում հանդիպումները նախկին նախագահների հետ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել է ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջների խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։

Արսեն Բաբայանի պնդմամբ՝ տեղի ունեցողը «քաղաքական հետապնդում է» Վանեցյանի նկատմամբ և «Վանեցյանին նրան վարկաբեկելու հերթական անհաջող փորձ»։

ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո Վանեցյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, նշեց, որ կանչվել է «մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունի»։

Վանեցյանի խոսքով՝ գալու «պարտավորություն չուներ, այցելել է միայն հարգելով ինստիտուտը և հրաժարվել է բացատրություն ներկայացնելուց»։ Նա գործը որակեց շինծու։

«Ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ է։ 2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը, ըստ ԱԱԾ մեկաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվելու, բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավաորւթյունը, ինչպես նաև  ԱԱԾ այսօրվա գործող տնօրենը»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը ակտիվ քաղաքական գործընթացներ կանխատեսեց և չբացառեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վանեցյանը չբացառեց նաև հանդիպումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել քաղաքական գործիչների հետ, որոնց ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի և մի շարք այլ հանցագործությունների մեջ, Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք այդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձնանց հետ»,-ասաց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց 2019թ․ սեպտեմբերին։ Պաշտոնանկությունից հետո նա սկսեց կտրուկ քննադատել իշխանություններին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամիսներ անց նա ստեղծեց «Հայրենիք» կուսակցությունը։

Լուսինե Վարդանյան