3 օգոստոս, 2020 21:01

Տավուշյան թեժացումն ու թուրք-ադրբեջանական զորավարժությունները

2020թ․ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Եվ թեև պաշտոնապես հաղորդվել էր, որ TurAz Kartalı-2020 («ԹուրԱզ Արծիվ-2020») զորավարժությունները պլանային են, Հայաստանում եղան պնդումներ, որ «Տավուշյան թեժացումից հետո անցկացվող այս զորավարժություններն իրականում Հայաստան ներխուժելու նախապատրաստություն են»։

Բարդ է ասել, թե ինչն է հիմք ծառայել նման պնդումների համար, սակայն այստեղ կան մի քանի ակնհայտ բաներ։ 2010թ․ օգոստոսի 16-ին Թուրքիան ու Ադրբեջանը կնքեցին ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր, որում կարևորվում էր համատեղ զորավարժությունների անցկացումը։ Պայմանագիրը կնքելուց հետո երկու երկրները գրեթե ամեն տարի և անգամ տարեկան երկու անգամ անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Դրանք անցկացվում են թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային բնույթի, ընդ որում՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տարածքներում։ Նախիջևանը և Բաքուն նույնպես բացառություն չէին կազմել, հետևաբար ներկայիս զորավարժություններն այս առումով աննախադեպ չեն։

Ռազմինֆո կայքը գրում է․ «Ադրբեջանը և Թուրքիան ՌՕՈՒ համատեղ զորավարժություններն անում են 2014-ից՝ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Նախորդ անգամ եղել էր 2019-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանում: Դրա համար Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, P-235 բեռնատար ինքնաթիռ, UH-70 և CH-47 բազմաֆունկցիոնալ, բեռնատար, ինչպես նաև AH-1W «Աթաք» հարվածային ուղղաթիռներ: Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, ապա՝ կողմերը նման համատեղ զորավարժություններ անկացնում են սովորաբար գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում: Նախորդ տարի մայիսին Բաքվի մոտակայքում գտնվող զորավարժարաններից մեկում անցկացվել էր «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը, իսկ նույն տարվա հունիսին, արդեն Նախիջևանում, կայացել էր «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող համատեղ մարտավարական զորավարժությունը»: 

Կայքում նաև նշված է, որ համատեղ զորավարժություններից հարցը 2020թ․ փետրվարին քննարկել էին նաև երկու երկրների ղեկավարները, ինչից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ զորավարժությունների թիվն ավելանալու է: Չնայած այս ամենին՝ չենք բացառում, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս զորավարժությունների անցկացմանը, այնուամենայնիվ, հանգել են Տավուշյան թեժացման արդյունքներով։ Ավելին,  համապատասխան համաձայնությունը կողմերի միջև կարող էր ձեռք բերվել Անկարայում՝ Տավուշյան թեժացման օրերին ադրբեջանական ռազմական պատվիրակության այցի արդյունքներով (պատվիրակության կազմում էր նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարը)։

Ինչու թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը կարիք ունեին Տավուշյան թեժացումից հետո անցկացնելու համատեղ զորավարժություն, ընդ որում՝ Ադրբեջանի տարածքում և հատկապես Նախիջևանում։ Այստեղ հարկ է խնդիրն առանձին դիտարկել Ադրբեջանի ու Թուրքիայի տեսանկյուններից։

Ադրբեջանի համար ներկայիս զորավարժությունների կարևորությունը

Տավուշյան թեժացման արդյունքներով Ադրբեջանն ունեցավ դիրքային (տարածքային) կորուստներ։ Սա հուժկու հարված էր ադրբեջանական բանակի, ադրբեջանական պետության և անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Վերջինս տարիներ շարունակ հպարտացել է ռազմական տեխնիկայի գնումներով, ադրբեջանական բանակով՝ այն անգամ դասելով «աշխարհի 50 լավագույն բանակների թվում»։ Տավուշյան թեժացումն առնվազն չհաստատեց այդ պնդումները, եթե չասենք ավելին։ Արդյունքում առաջին հերթին Իլհամ Ալիևն ուներ (ունի) Տավուշյան թեժացման արդյունքներից (իր պարտությունից) դեմքը փրկելու, ինչպես նաև սեփական հասարակության ուշադրությունը շեղելու խնդիր։

Հենց այդ նպատակով Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսեցին արտերկրում հրահրել հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքներ, բախումներ՝ հույս ունենալով առավելության հասնել այդ (և ոչ թե բուն ռազմական) ոլորտում և այդպիսով փորձել քիչ թե շատ հավասարակշռել տավուշյան պարտությունը։ Ընդ որում՝ հաշվի էր առնվում, որ Ռուսաստանում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում և այլուր հայ-ադրբեջանական բախումների արդյունքներն առավել թարմ էին (են) լինելու սեփական հասարակության հիշողությունում և զգալիորեն մոռացության էին (են) մատնելու Տավուշի գոտում կրած պարտությունը։

Նույն նկատառումներից ելնելով՝ ադրբեջանական կողմը որոշել է անցկացնել Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ՝ փորձելով այդպիսով գոնե որոշակի փրկել նաև ադրբեջանական բանակի դեմքը, թե՛ արտաքին (ՀՀ, Արցախ), թե՛ ներքին (սեփական հասարակություն) լսարանի համար ցուցադրել նրա «ուժն ու ոգին, մարտունակությունն ու վարպետությունը», ցույց տալ, որ «ամեն ինչ կարգին է, խնդիրներ չկան» և այլն։ Ի դեպ, Սիրիայից Ադրբեջան զինյալներ բերելն ամենևին չի տեղավորվում այս համատեքստում (այս խնդիրը նույնպես շատ է շահարկվում մեր մամուլում)։

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ TurAz Kartalı-2020 զորավարժությունները միտված են Հայաստանն ահաբեկելուն։ Սրա հետ կարելի է համաձայնել, սա բնականաբար նույնպես մտնում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պլաններում։ Եվ վերջապես, համատեղ զորավարժությունները պետք է նպաստեն ադրբեջանական բանակի գործողությունների արդյունավետության մեծացմանը և այլն։

Թուրքիայի համար ներկայիս զորավարժությունների կարևորությունը

Տավուշյան թեժացման արդյունքներով Թուրքիայի իշխանությունները և մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը չկարողացավ կանխել «եղբայրական» Ադրբեջանի կողմից դիրքային (տարածքային) կորուստներ կրելը։ Սա հուժկու հարված էր հենց Էրդողանի իմիջին, ով 2019թ. հունվարին հայտարարել էր, որ «1990-ականների սկզբներին Թուրքիան («Հին Թուրքիա») հզոր պետություն չէր, ինչի համար էլ չկարողացավ կանխել Ղարաբաղի օկուպացիան»։ Միևնույն ժամանակ Էրդողանն ու նրա թիմակիցները շարունակ հայտարարում են, որ «իրենց «Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով»։ Եվ ահա փաստորեն «Նոր Թուրքիան» նույնպես չկարողացավ կանխել «ադրբեջանական տարածքների օկուպացիան»։ Եվ թեև Ադրբեջանի համար ներկայիս և երեսնամյա վաղեմության դեպքերի (տարածքային կորուստների) մասշտաբները համեմատելի չեն, սակայն ինչ-որ առումով կարող են համեմատելի լինել՝ հաշվի առնելով, թե «Նոր Թուրքիան» որքան ուժեղ է «Հին Թուրքիայից»։ Այնպես որ Էրդողանը նույնպես կարիք ուներ փրկելու խաթարված հեղինակությունը։

Ավելին, Տավուշյան թեժացման օրերին Թուրքիան չէր կատարել Ադրբեջանի հետ 2010թ․ ռազմական պայմանագրի 2-րդ հոդվածով իր պարտավորությունները, որում նշված է․ «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։ Մինչդեռ Տավուշյան թեժացման օրերին թուրքական կողմը Հայաստանին մեղադրում էր «Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու» համար։ Մյուս կողմից էլ Էրդողանը քաջ գիտակցում էր, որ 2-րդ հոդվածի իրագործումը նշանակում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իսկ ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի դեմ։ Դրա համար էլ նա չգնաց այդ քայլին՝ չնայած նրան, որ Տավուշյան թեժացումը Թուրքիայի համար հրաշալի հնարավորություն էր Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար (ինչը չի կարելի ասել ներկայիս զորավարժությունների համար)։ Թուրքիան 2-րդ հոդվածի իրագործման փոխարեն փորձում է զորավարժությունների, ռազմական տեխնիկայի վաճառքի միջոցով հանդարտեցնել Ադրբեջանին, բավարարել նրան, ինչու ոչ՝ Տավուշի դեպքերից հետո փրկել նրա դեմքը նույնպես և այդպիսով այդ երկրին մեկ անգամ ևս դնել իրեն պարտական վիճակում և փորձել զիջումներ կորզել Ադրբեջանից։

Թուրքիան նույնպես ցանկանում է զորավարժությունների միջոցով ահաբեկել Հայաստանին, ինչպես նաև հետ չմնալ Ռուսաստանից։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին նախորդել էին հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, և սա կարելի է որակել նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պատասխան քայլ (2010թ․ նրանց կնքած ռազմական համաձայնագրից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Ռուսաստանը կնքելու են ռազմական նոր պայմանագիր՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մնալու ժամկետի երկարաձգման վերաբերյալ)։ Այս անգամ (2020թ․) թուրքական կողմն աչքի ընկավ ցուցամոլությամբ՝ առաջին հերթին Ռուսաստանին ի ցույց դնելով, թե ինչպես է թուրքական զորախումբը մտնում Նախիջևան (այնպես էին ցուցադրում, կարծես թե, թուրքական զորքն «առաջին անգամ» է մտնում Նախիջևան)։ Հետաքրքիր է, թե ինչու նույն կերպ չէր ցուցադրվում թուրքական զորախմբի մուտքը Բաքու (արդեն նշվել է, որ ցամաքային վարժանքներն անցկացվում են նաև Բաքվում)։  

Եվ վերջապես համատեղ զորավարժությունների անցկացման առջև «կանաչ լույս» վառելու Թուրքիայի հիմքում կարող էր ընկած լինել «Սևրի սինդրոմը»։ Հայտնի է, որ TurAz Kartalı-2020 զորավարժությունների ավարտը նշանակված է օգոստոսի 10-ին՝ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակին։ Չի բացառվում, որ Էրդողանը ցանկացել է իր սիրելի Օսմանյան կայսրության վախճանն ազդադարարած տվյալ իրադարձության 100-ամյակը նշել «հզոր նոտայով»՝ զորավարժություններ անցկացնելով։ Եվ դա նույնպես խնդիր չէ հայկական կողմի համար, որից այս օրերին պահանջվում է ամեն դեպքում լինել զգոն, ակնդետ հետևել թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին ու շեշտադրումներին՝ պատրաստ լինելով հնարավոր սադրանքներին և զարգացումներին։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: